Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների և այլ թեմաների շուրջ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության «Բառացիորեն» ծրագրի շրջանակում:

-Մենք այսօր հանդիպել ենք Կանանց եվրասիական ֆորումի շրջանակում: Ի՞նչ հարցեր են այսօր հուզում կանանց, և, ընդհանրապես, ինչի՞ մասին են նրանք խոսում, երբ հանդիպում են:

 

-Այս ֆորումն իրականում հարցերի մեծ շրջանակ է ընդգրկում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կանանց, այլև, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ հարցերը վերաբերում են և՛ տղամարդկանց, և՛ ծերերին, և՛ հատկապես երեխաներին: Սա ոչ միայն կանանց ֆորում է: Այն գլոբալ օրակարգ ունի:

Այն բոլոր հարցերը, որոնք քննարկվում են ֆորումի շրջանակում՝ սկսած աշխարհում գլոբալ անվտանգությունից,  պատերազմական կոնֆլիկտների հանգուցալուծումից մինչև աղքատության հաղթահարման, գենդերային հավասարության հարցեր: Բոլոր այս խնդիրները առաջնային պլան են մղված այսօր և անհանգստացնում են հասարակությանը: Ֆորումն իրականում լավ հնարավորություն է տալիս բոլոր այս հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար:

-Ի՞նչ խնդիրների են բախվում հայ կանայք և որքանո՞վ են մեծ գենդերային խնդիրներն աշխատանքի տեղավորման ոլորտում:

-Հայաստանում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, կան այս խնդիրները: Հայ կանայք բախվում են և՛ աշխատանքի տեղավորման, և՛ բռնության հետ կապված շատ խնդիրների, բայց հասարակական կազմակերպությունները վերջին տարիներին սկսել են ակտիվորեն զբաղվել այս խնդիրներով, և այս առումով զգալի փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են:

 

-Մայիսի 8-ին ձեր ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին, ընտրեցին Հայաստանի վարչապետ: Այդ օրվանից ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը:

-Մեծ հաշվով մեծ փոփոխություններ չեն եղել, մեր կյանքը փոխվել է ավելի շատ տեխնիկական առումով: Ես ի նկատի ունեմ այն մեծ պատասխանատվությունը, որ իմ ամուսինը իր ընտրվելու օրվանից սկսած դրել է ոչ միայն իր ուսերին, հետևաբար նաև իմ և ընտանիքի ուսերին:

-Ձեզ դո՞ւր է գալիս այս նոր կարգավիճակը:

-Իմ կարծիքով, այստեղ դուր գալու կամ դուր չգալու հարց չկա: Ես դիտարկում եմ դա որպես պատասխանատվություն և կարծում եմ, որ սա իմ պարտքն է, որը ես անպայման պետք է ի կատար ածեմ իմ հայրենիքի, ժողովրդի հանդեպ:

-Հայաստանի օրենքներով ո՞վ է համարվում առաջին տիկին, դո՞ւք ՝ վարչապետի կինը,  նախագահի  կի՞նը, թե դուք երկուսով:

-Շատ զարմանալի է, որ այս հարցը ինձ ոչ միայն տալիս են հայ լրագրողները, այլև օտարերկրյա: Իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չէ, թե ով է համարվում, կամ ում են համարում առաջին տիկին: Կարևոր է, որ ամեն մեկը լինի իր տեղում և հնարավորության սահմաններում օգտակար լինի երկրին և ժողովրդին:

-Դուք միշտ լրագրողների ուշադրության կենտրոնում եք: Բոլորն ուշադրություն են դարձնում՝ ինչպե՞ս եք դուք հագնվում, ձեր վարքին հասարակական վայրերում:  Ստիպված եք եղել ինչ -որ բան փոխե՞լ ձեր ապրելակերպում :

-Այո, իսկապես նման անհրաժեշտություն կա: Իմ կոչումը թույլ է տալիս ինձ այս պահին մեծ ուշադրություն դարձնել արտաքինիս, և ես ամեն ինչ անում եմ համապատասխանելու այս կարգավիճակին:

-Ասում  են՝ տղամարդն ընտանիքի գլուխն է, իսկ կինը պարանոցը: Խորհուրդներ տալի՞ս եք ձեր ամուսնուն , և արդյոք ձեզ հետ խորհրդակցո՞ւմ է վարչապետը:

-Դա նույնպես այն հարցերից է, որ ինձ շատ հաճախ են տալիս Հայաստանում, քանի որ, իմ խորին համոզմամբ , քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, որտեղի՞ց են այն կարծրատիպերը, որ քաղաքական գործիչների կանայք մասնակցում են իրենց տղամարդկանց գործունեությանը: Ենթադրում եմ, որ պատմության մեջ եղել են նման օրինակներ, բայց, իմ կարծիքով, դա ավելի շատ նման է այն իրավիճակին, երբ ամուսինը զբաղվում է քվանտային ֆիզիկայով, նա գիտնական է, և երբեք խորհուրդ չի հարցնի կնոջից: Իմ խորին համոզմամբ, քաղաքական գործիչ լինելը շատ լուրջ մասնագիտություն է, և խորհուրդ տալու համար պետք է ունենալ մեծ փորձ:

-Ձեր կարգավիճակի փոփոխությունից հետո մտածե՞լ եք լրագրությունից հեռանալու մասին:

-Այո մտածել եմ, բայց Հայաստանում լրագրության ներկա իրավիճակը ստիպում է ինձ մնալ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում:

-Ձեզ՝ որպես լրագրողի համար կա՞ նախընտրած թեմա, ո՞րն է այն,  ինչի՞ մասին է և ինչո՞ւ եք հենց այդ թեման ընտրել:

-Այո ճիշտ է, որ կան այնպիսի թեմաներ, որոնք լուսաբանել եմ: Դա, իհարկե, քաղաքականությունն է: Ես ընտրել եմ լրագրությունը, ոչ միայն նրա համար, որ սիրում եմ քաղաքականությունը, այլ որովհետև ժամանակին շատ եմ սիրել գրել:

-Դուք երեք դուստր և մեկ որդի ունեք: Ինչպե՞ս եք հասցնում զբաղվել ընտանիքով: Օգնո՞ւմ է ձեզ ինչ -որ մեկը երեխաների դաստիարակության հարցում:

-Ես իմ հարցազրույցներում սիրում եմ նաև ասել, որ գլխավոր խմբագրի աշխատանքն այնքան բարդ և ժամանակատար է, որ դրանից հետո որևէ այլ զբաղմունք ինձանից այդքան էներգիա չի խլում: Այն ժամանակ, երբ աշխատում էի որպես թղթակից, ապա նաև՝ խմբագիր, ես երեխաներ էի ունենում, և այդ ընթացքում ինձ շատ օգնում էր մայրս: Իսկ հիմա, քանի որ երեխաներս արդեն մեծ են, նրանք կարող են ինձ օգնել մի շարք հարցերում: Հուսով եմ, ստացվում է:

-Ձեր կարծիքով, ո՞րն է ճիշտ դաստիարակության համար խստապահանջ լինելը, կարգապահությո՞ւնը, թե ուղղակի երեխաներին ազատ թողնելը, որ զբաղվեն այն ամենով, ինչով ցանկանում են:

-Ամբողջական ազատություն, իհարկե, չկա, բայց իմ մոտեցումը դաստիարակության մեջ հետևյալն է. պետք է շատ խոսել երեխաների հետ ծագած տարբեր հարցերի շուրջ,տալ պատասխաններ այդ հարցերին և լուծել բոլոր խնդիրները: Իմ կարծիքով, շատ ճիշտ է երեխաներին որոշումներ կայացնելու հնարավորություն տալը, որպեսզի իրենք լինեն պատասխանատու  իրենց քայլերի և որոշումների համար:

Տղաներին և աղջիկներին պե՞տք է տարբեր կերպ դաստիարակել:

-Բնականաբար, բնությունից այդպես է, որ կանայք և տղամարդիկ տարբեր են իրենց բնույթով և պահանջում են դաստիարակության տարբեր մոտեցումներ:Ես կարծում եմ, որ տարբեր սեռերի երեխաների դաստիարակության հարցը նույն հարթության վրա պետք չէ դնել:

-Դուք ստեղծել եք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ՝մի հարթակ, որտեղ կարելի է լուծել հարցեր, որոնց  պետությունը այս կամ այն պատճառներով դեռևս չի կարողացել ուշադրություն  դարձնել: Ի՞նչ քայլեր են արդեն արվել, և ի՞նչ ծրագրեր կան ապագայի համար:

-Ես  հուլիսին հայտարարել էի հիմնադրամի տնօրենի ընտրության մասին, և մենք շատ  դժվարությամբ որոշում կայացրեցինք: Հիմնադրամի աշխատանքները կսկսենք հոկտեմբերից,  հիմա կան մասշտաբային ծրագրեր, որոնց մասին ես, հավանաբար, շուտով կխոսեմ: Մեր աշխատանքները բաժանված են չորս ոլորտների՝ դա կրթությունն է, առողջապահությունը, սոցիալական ոլորտն ու մշակույթը: Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք սկսել մեծ ծրագիր և ուզում ենք, որ Հայաստանի մանկատներում չլինեն առանց խնամքի մնացած երեխաներ: Դա հավակնոտ ծրագիր է, բայց մենք անելու ենք ամեն բան հաջողելու մեր աշխատանքներում: