«Էսքան զոմբի մեր երկրում չի լինի: Սրանք պատվիրված, վարձատրվող մարդիկ են, որոնք վարձատրվում են ինչ-որ կառույցների կողմից: Հրահանգում են՝ «մեր թվարկած ցուցակից հենց մեկի պատկերը կերևա լրատվության մեջ՝ դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ, արագորեն դիմում եք հարձակման»: Զոմբիները դիվանների վրա իրենց կեղտոտ սպարտիվկեքով նստած, որ ոչ աշխատում են, ոչ ուղեղ ունեն սկսում են քոմենթներ գրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքում տիրող մթնոլորտին:
«Հենց ՀՀԿ բառն են լսում՝ միանգամից հարձակում է տեղի ունենում: Կապ չունի՝ ով է, ինչպես է ապրել, կապ չունի՝ եղել է այն ցուցակի մեջ, արժանի է այդ խոսքերին, թե ոչ, հարձակումը միանգամից է լինում. «Կամանդա, ֆա՛ս» ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է գործում ֆեյսբուքով: Վե՛րջ, ոչ մի դատողություն այս պարագայում չի կարող նորմալ արձագանք ստանալ: Ինչքան ուզում ես՝ ճիշտ բան ասա, որը օգուտ կլինի բոլորին, ուզում ես՝ հասարակ բարև տուր, իրենք դրա տակ ունեն համապատասխան քոմենթներ»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ նախկին իշխանությունների սխալներն ու չարաշահումները շատ-շատ են եղել, հիմա էլ այդ ատելությունն այս եղանակով դուրս է տալիս:
Նա նշեց՝ պետք է քայլեր ձեռնարկել և պատժել նման զոմբիներին. «Ես սրանց հաճույքով կպատժեի, ովքեր հանիրավի, անտեղի վայրահաչ են կատարում: Սա շատ վատ բան է երկրի համար, ազդում է նաև բոլորիս գործունեության վրա, այդ թվում՝ ձեր, դուք էլ չեք կարող նորմալ լուսաբանել»: