Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու խնդրին անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: ԱԳՆ-ում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա նախ տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր, սակայն 100-ից ավելի անձնագրեր հետ են վերադարձվել: Ավելի վաղ՝ հայտնի էր դարձել, որ ԱԳՆ-ն սկսել է նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերանայման գործընթաց։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից չեն հստակեցնում՝ նախկին վարչապետեր Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հանձնե՞լ են իրենց դիվանագիտական անձնագրերը ԱԳՆ, թե՝ ոչ: Արդյոք Անվտանգության խորհրդի նախկին անդամներ Վիգեն Սարգսյանը, Արմեն Գևորգյանը, Էդվարդ Նալբանդյանը, ԱԱԾ նախկին պետ Գևորգ Կուտոյանը, ԱԺ նախկին պատգամավորները հանձնե՞լ են իրենց դիվանագիտական անձնագրերը հյուպատոսական վարչություն թե՞ ոչ: Եթե սույն նախկին պաշտոնյաները հանձնած լինեին վերը նշված փաստաթուղթը՝ ԱԳՆ-ն կարող էր հանրությանը «հանգստացնել»՝ անգամ տրամադրելով հանձնման ամսաթվերը, թերևս, այդ դեպքում անձնական տվյալների բացահայտման հետ կապված որևէ խնդիր չէր առաջանա: Սակայն ԱԳՆ-ն լռում է, փոխարենը օգոստոս ամսվա սկզբից կասեցվել են նաև մի շարք բարձրաստիճան եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերը, այն պարագայում, երբ գալիք տարվա ապրիլին, այսպես թե այնպես, լրանալու էին այդ անձնագրերի վաղեմության ժամկետները և նոր իշխանությունները կարող էին պարզապես չերկարացնել դրանք:
Բացի այդ, հետաքրքիր է, թե ովքե՞ր են այն 100 հոգին, որոնց տրամադրվել են նոր անձնագրերը, և ինչով է մեր երկիրը միջազգային հարթակներում ներկայացնելու նրանց ավանդը ավելին, քան, օրինակ, նույն Հենրիխ Մխիթարյանինը, ում համար դիվանագիտական անձնագիրը ոչ թե ավելորդ «թիթիզություն» է, այլ անհրաժեշտություն: Բացի այդ՝ չպետք է մոռանալ, որ Մխիթարյանը Հայաստանի նորագույն պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Սա՞ է Նոր Հայաստանի վերաբերմունքը նրա հանդեպ: Եթե այո, ապա դա անչափ ցավալի է…
Ս.Խաչատրյան