Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Աժ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը երաշխավոր է հանդիսացել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:
Թեմայի Վերաբերյալ Էդմոն Մարուքյանը մեզ ոչ մի կերպ չի ցանկանում մեկնաբանություն տալ: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սամվել Ֆարմանյանից:
Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Էդմոն Մարուքյանի հետ ներքին պայմանավորվածություն է եղել, քանի որ նրանք մտերմությամբ այնքան էլ աչքի չեն ընկնում, պատասխանեց.«Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը, պարզապես փոխվել է խափանման միջոցը, այդքան բան»:
Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի համար Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այնուհետև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Միջնորդության տակ ստորագրել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: