Ծխելու խնդիրն իսկական գլխացավանք է Հայաստանի համար, կարծում է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ինչ վերավերվում է ծխելու դեմ պայքարի մեթոդների՝ նախարարը կրեատիվը այս հարցում չի փայլատակել: Նա գտնում է, որ պետք է կիրառել այլ երկրների փորձը` տուգանքներ, քարոզչություն, ծխախոտից կախվածություն ունեցողներին օգնություն, դպրոցներում և բուհերում կրթական ծրագրերի իրագործում։
Ծխելու դեմ թորոսյանական պայքարի ողջ իրոնիան կայանում է նրանում, որ այս արշավի կնքահայրը Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանն էր և հենց նրա ազգանվեր այս ծրագիրը ժամանակին անխնա քննադատվեց Թորոսյանի թիմակիցների կողմից: Վերջիններս հիմնավոր փաստեր էին բերում, որ Հայաստանում առողջապահության ոլորտում շատ ավելի լուրջ խնդիրներ կան կուտակված, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն: Այն ժամանակ ընդդիմություն, իսկ այսօր իշխանություն հանդիսացող քաղաքական ուժը Ալթունյանին մեղադրում էր ոչ կոմպետենտության և այս հարցում ընդգծված շահ ունենալու մեջ: Ուշագրավն այն է, որ երկրում իրավիճակ է փոխվել, և միայն առողջապահության ոլորտում է որ «գերխնդիրը» նույնն է մնացել:
Հետաքրքիր է առողջապահության նախարարը ի՞նչ շահ ունի հակածխախոտային այս պաքարի էստաֆետը Ալթունյանի ձեռքից վերցնելու մեջ: Գուցե նա իրո՞ք այդչափ մտահոգված է «չմո» երկրի քաղաքացիներին թունավոր ծխից փրկելու հարցում: Եթե դա այդպես է, ապա կցանկանայինք Թորոսյանին հուշել, որ իր ղեկավարած ոլորտում առկա պատկերը պարզապես սարսափեցնում է, սակայն ծխողները այստեղ առաջնային պլանում չեն: Այսպես՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն քաղցկեղից մահացածների թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը , բացի այդ առաջատար պատվավոր տեղ է զբաղեցնում սրտի հիվանդությունների քանակով, դա էլ դեռ բավարար չէ՝ Ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով Հայաստանը 172 երկրների շարքում 2-րդն է: Ինչպես ժողովուրդն է ասում՝ այս ամենը հեչ՝ ծխելու դեմ պայքարը՝ մեջ…
Հ.Գ. Տեսնես Թորոսյանի էնտուզիազմը կիսո՞ւմ են նրա այն թիմակիցները, որոնք արդեն մի քանի անգամ ակնարկել են մարիխուանայի օգտագործումը լեգալ դարձնելու անհրաժեշտության մասին: Ինչպես ասում են՝ Աստված է՛լ բեթարից ազատի…
Ս. Խաչատրյան