«Մի քանի անգամ շեշտվեց, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, բայց քանի որ չկա հուշագիր, բնականաբար, դա բանավոր խոսակցությունների մակարդակում է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով երեկ վարչապետի և խորհրդարանական խմբակցությունների միջև տեղի ունեցած խոսակցության մասին։
Նրա խոսքով՝ եթե անգամ այլ ուժերի կողմից առաջադրվեն թեկնածուներ, ապա դա անիմաստ կլինի. «Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կա հեղափոխություն և չկա հնարավորություն մեկ այլ մարդու առաջադրելու, վարչապետ ընտրելու։ Եթե դա արվի, դա ձախողված քայլ է լինելու ու ոչինչ չի տա ռևանշի առումով։ Ոչ ոք լուսնից չի իջել, բոլորն էլ գիտակցում են դա»,-ասաց Մարուքյանը։
Մարուքյանը նշեց, որ այսօր հարցուպատասխան է և վարչապետը կրկին գալու է խորհրդարան. «Կարծում եմ՝ դա նշանակում է, որ ֆրակցիաների հետ հանդիպումներ կլինեն»,-ընդգծեց նա։