Ազատության հրապարակում այսօր հրապարակախոս և բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը մեկօրյա հացադուլով միացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին։
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր այս քայլով կփորձի մարդկանց ավելի լայն շրջանակներ ընդգրկել, չնայած որ շատ մեծ սպասելիքներ չունի։
«Մեկօրյա հացադուլով չգիտեմ մեծ բաների ախորժակ չունեմ, որ վարակիչ կլինի իմ քայլը, բայց համարում եմ խորհրդանշական է, որ կարող է ազդել որոշակի մարդկանց վրա, և ուրիշներն էլ իմանան, որ կարող են նման ձևով սատարեն»,- ասաց նա։
Ըստ Վիոլետ Գրիգորյանի՝ ինքը համոզված է, որ ուրիշներն էլ ուզում են ինչ-որ բանով օգտակար լինեն այս շարժմանը, բայց չգիտեն, թե ինչպես անեն։ «Մտածում են հացադուլը դժվար բան է, բայց ասեմ, որ մեկօրյա հացադուլի պրակտիկա գոյություն ունի և կարող են այսպես անել կամ ինչ-որ այլ կերպ մասնակցեն։ Համենայնդեպս, կամքն է, որ առաջնահերթ դեր ունի նման հարցերում»,- ասաց նա։
Բանաստեղծուհին նշեց, որ ինքը երբեք էլ անտարբեր չի եղել երկրում ծավալվող իրադարձությունների նկատմամբ։
«Քաղաքացիական նախաձեռնություններին ընդհանրապես ակտիվ մասնակցել եմ՝ գրելով և այլն։ Հիմա այս քաղաքական վիճակում գտնում եմ, որ հարկավոր է սատարել Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց նա և ընդգծեց, որ ոչ թե ընտրակեղծիքների դեմ է իր այս քայլը, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու։
«Կարևոր եմ համարում, որ բացի ընտրակեղծիքների հարցից, այսինքն՝ պարզապես որևէ մեկին չեմ սատարում, որ իր քվեները կեղծվել են, այլ կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանին, որպես որոշակի քաղաքականության հայտ ներկայացնող»,- նշեց նա։