«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը կհամաձայնենք, եթե դա տեղի ունենա երկխոսության, բանակցությունների արդյունքում»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։ 

Նրա խոսքով, եթե, ըստ պայմանավորվածությունների, տեղի ունենան արտահերթ ընտրությունները, ապա դա ամենալավ տարբերակն է ոչ թե Դաշնակցության, այլ երկրի, քաղաքական դաշտի, պետության համար։

 

Այն հարցին, թե ՀՅԴ-ում ինչպիսի վիճակ է, քանի որ տարբեր կուսակցություններից շատ պատգամավորներ դուրս եկան, Սեյրանյանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի ո՛չ զանգվածային ներհոսքի, ո՛չ էլ արտահոսքի հետ կապված: Համենայն դեպս, ինքը ՀՅԴ-ից դուրս եկողների դիմումների կամ հայտարարությունների մասին այս պահին տեղյակ չէ։ 

Պատգամավորը նաև նշեց, որ քաղաքական բոլոր ուժերի կոնսենսուսի դեպքում իրենք նույնպես դեմ չեն լինի արտահերթ ընտրությունների անցկացմանը, իսկ ինչ վերաբերվում է «Ժողովուրդն ուզում է» արտահայտությանը, Սեյրանյանը նշեց․ «Ես ժողովրդի ցանկությունը չափելու 1 գործիք գիտեմ՝ դա հանրաքվեն է։ Ժողովրդի մի հատվածի ցանկությունը ես հակված չեմ դիտարկել որպես ամբողջ ժողովրդի ցանկություն»։