Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Հրազդանի քաղաքապետի աթոռի համար պայքարողների թիվը կտրուկ նվազել է և մնացել են ասպարեզում միայն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի տղան՝ Սևակ Միքայելյանն ու Լևոն Ստեփանյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Հազդանի քաղաքապետի ընտրություններում ինքնաբացարկ հայտարարած թեկնածու Մանվել Պողոսյանի հետ՝ պարզելու, թե որն էր ինքնառաջադրման նպատակն ու ինչու կարճ ժամանակ անց դրան հետևեց ինքնաբացարկի հայտարարումը։
Պարո՛ն Պողոսյան, այս ընտրություններին ինքնառաջադրվել էիք, սակայն առաջին իսկ օրերին ինքնաբացարկ հայտարարեցիք, ո՞րն էր Ձեր նպատակը և ինչու՞ ետ կանգնեցիք դա իրականացնելու մտքից։
-Առաջադրվել էի հանուն Հրազդանի, բայց տեսա, որ շանսերս էն չեն, որոշեցի ինքնաբացարկ տալ։
Ինչպե՞ս հասկացաք, որ «Էն չեն», դեռ 1-2 օր էր, ինչ մեկնարկել էր նախընտրական քարոզարշավը։
-Դե, ոնց ասեմ, հասկացա, որ հասարակությունն ինձ չի ընդունում որպես քաղաքապետ, ես էլ ասեցի՝ վերցնեմ թեկնածությունս, որ հանկարծ չխանգարեմ մյուսներին։ Ժողովուրդն ում ընդունում ա, թող իրան ընտրի, ժողովրդի կամքն ա կարևոր։
Մյուսներին՝ ու՞մ նկատի ունեք և ինչպե՞ս այդքան շուտ հասկացաք, որ մյուսների շանսերն ավելի մեծ են, քան ձերը։
-Դե, եսիմ, հասկացա էլի, ճիշտն ասած, չեմ կարող պատասխանել այդ հարցին, չեմ իմանում։
Հնարավո՞ր է մեկ այլ թեկնածու ճնշել է Ձեզ։ Այժմ մնացել են միայն Սևակ Միքայելյանն ու Լևոն Ստեփանյանը, նրանց հետ հանդիպե՞լ եք, հնարավո՞ր է, որ ներքին պայմանավորվածություն է եղել Ձեր և նրանց միջև։
-Չէ, չէ. նման բան չկա, ոչ մի պայմանավորվածություն: Ես իմ կամքով եմ ետ վերցրել դիմումս։ Սևակին ճանաչում եմ, բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ, չեմ հանդիպել բայց։
Նշենք, որ ինքնաբացարկ հայտարարած մյուս թեկնածու Դավիթ Քոչարյանի հետ զրուցել չհաջողվեց։ Մեր հեռախոսազանգերին պատասխանած Արայիկը, ով ներկայացավ Քոչարյանի մտերիմ ընկեր, փոխանցեց, որ Դավիթ Քոչարյանը հիվանդանոցում է գտնվում և այս պահին չի կարող մեր հարցերին պատասխանել։
Մեր այն ճշտող հարցին, թե ո՞րն է հիվանդանոցում հայտնվելու պատճառը, Արայիկը պատասխանեց․«Չգիտեմ, չեմ կարող ոչինչ ասել»։
Դավիթ Քոչարյանի հետ հարցազրույցը կներկայացնենք մեր հաջորդ հրապարակմամբ։
Արմինե Միքայելյան