«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խմբի անդամ, Արցախյան պատերազմի հերոս Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։

Հուղարկավորության արարողությանը ներկա չէր եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սա համացանցում քննադատությունների և վրդովմունքի առիթ էր դարձել։

 

Պարզելու համար, թե ինչու վարչապետ Փաշինյանը ներկա չի եղել հուղարակավորությանը, ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանիհետ, որը նշեց, որ ոչ թե կարևոր է վարչապետի ներկայությունը, այլ նրա վերաբերմունքը։

«Վարչապետի վերաբերմունքը միանշանակորեն դրսևորվել էր և՛ հայտարարությամբ, և՛ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը վարչապետի անունից, պետության ղեկավարի անունից ծաղկեպսակ ուղարկելով»,-ասաց Եղոյանը։

Պարզաբանելով՝ Եղոյանը նշեց․ «Եթե հարցնում եք՝ ինչո՞ւ չէր ներկայացել, դա ենթադրում է, որ նա պարտավոր էր ներկայանալ։ Ի պաշտոնե՝ վարչապետը ինչ-որ տեղ պետք է գնա կամ պարտադրված, կամ ծրագրված՝ օրինակ, ինչո՞ւ վարչապետը չի ներկայացել կառավարության նիստին, կամ ինչո՞ւ չի գնացել աշխատանքի, այս դեպքում կարելի է հարցնել՝ ինչո՞ւ չի գնացել»։