«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է, ով, օգտագործելով քաղաքական ստեղծված իրավիճակը, ուղղակի զոռբայությամբ փորձում է տիրանալ իշխանությանը և խորհրդարանը լուծարելու փորձը վերջին զոռբայության քայլն է։ Նա ապացուցեց, որ ինքը պետական մտածողություն չունի, որովհետև պետական բոլոր ինստիտուտները քանդելով գնում է»-,այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մենուա Հարությունյանը։ 

Հարությունյանը կարծում է, որ երկիրի տերը ժողովուրդն է, բայց ժողովուրդը սեփական  պետության կառավարմանը պետք է մասնակցի միայն  ընտրությունների միջոցով և չի կարելի ժողովրդի մի մասին փողոց հանելով, աթոռակռվի, սեփական պաշտոնի համար գնալ պետական ինստիտուտները ոչնչացնելու ճանապարհով։ 

 

«Այսօր եթե մենք լուծարենք այս խորհրդարանը,  կարող ենք արձանագրել, որ` այո', Նիկոլ Փաշինյանի զոռբայությունը հասավ իր նպատակին։ Իսկ ինչու է նա շտապում դեկտեմբերին գնալ արտահերթ ընտրությունների՝ ակնհայտ է, որովհետև նա շատ պարզ հասկանում է, որ հաջորդ տարի կարող է չունենալ այն վարկանիշը, որն ունի այսօր. հասարակությունը սկսելու է նրանից հիասթափվել»,-նշեց Հարությունյանը։

Նա հավելեց նաև, որ ո′չ հասարակությունը, ո′չ քաղաքական դաշտը պատրաստ չեն այսքան շուտ արտահերթ ընտրությունների անցկացմանը. այս ընտրություններին պատրաստ է միայն Նիկոլի կուսակցությունը՝ «ՔՊ»-ն, և սա է պատճառը, որ նա շտապում է ուղղակի, որպեսզի կարողանա ձևավորել իր խորհրդարանը։ Ավելին՝ նա ուզում է ձևավորել ամբողջական իր ուզած խորհրդարանը։ Նա ուզում է, որ ընդդիմությունն էլ իրենը լինի, հետևաբար, ինքը այսպիսի շտապողականություն է դրսևորում։

«Փաշինյանը ձևակերպել է, որ մենք նոր Հայաստան ենք կերտում, իսկ դա նշանակում է, որ անցյալի արատները պետք է մնան անցյալում, եթե ինքը պետք է նոր Սերժ Սարգսյան դառնա՝ դա նշանակում է, որ ինքը խաբել է մեր ժողովրդին, որ ինքը նոր Հայաստան է կերտում, ինքը փոխում է անունները՝ պահելով նույն համակարգը։ Ես կարծում  եմ, որ դեկտեմբերին մենք պետք է ընտրությունների չգնանք, որովհետև հասարակությունը և քաղաքական դաշտը պատրաստ չեն. դա ապացուցեց Երևանի քաղաքապետի ընտրությունը, ավելին՝ քաղաքացիները, ովքեր ընտրել են Հայկոյին, չեն էլ կարդացել՝ Հայկոն ինչ է առաջարկում։ Արդեն մեկ օրվա քաղաքապետ Հայկոն ասում է բաներ , որ հասարակությունը զարմանում է, նույնը լինելու է խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,-իր խոսքը եզրափակեց Մենուա Հարությունյանը։