Մայրաքաղաք Երևանը տոնում է իր 2800 ամյակը, և ինչպես ասում են տոնը համախմբում է բոլորին։ Նախկին և ներկա իշխանությունների անդամներն իրենց պարտքն են համարում սոցցանցային գրառումներով շնորհավորել Երևանին, իսկ շնորհավորանքի մի քանի տողից էլ արդեն պարզ է դառնում է, առանց անուն ազգանուն կարդալու, թե շնորհավորողը որ իշխանության ներկայացուցիչն է եղել։

Սակայն բոլոր շնորհավորանքների կողքին կա ավելի ուշագրավը։ Երևանի օրվա կապակցությամբ շնորհավորել է  նաև նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իրականում այստեղ զարմանալի ոչինչ չկա, սակայն շնորհավորական ուղերձի տեքստն ասես գրված լինի անցյալ տարի, երբ Տարոն Մարգարյանը դեռ քաղաքապետ էր, և տեքստն էլ գրված էր հատուկ քաղաքապետի համար։ Ամենայն հավանականությամբ տեքստը գրողին Մարգարյանը մոռացել է հիշեցնել, որ նա այլևս քաղաքապետ չէ։


Բանն այն է, որ «Իմ Հայկական Երևան» կարգախոսը շատերի մոտ զայրույթի և քննադատության ալիք բարձրացրեց, որին նոր իշխանություններին հարող անձինք հներին են մեղադրում իսկ հներն էլ՝ նորերին։Ինչպես միշտ մեկնաբանություններում Մարգարյանի թիմակիցները «հիշեցնում են» նրա ահռելի դերը Երևանի կառուցման գործում, սակայն այս տարի ևս Մարգարյանը չի դադարում քննադատությունների կիզակետում հայտնվել Երևանի անճաշակ զարդարանքի և կարգախոսի համար։

«Երևանն ունի քաղաքապետ, նաև Երևանի քաղաքապետարանի գործող աշխատակազմ, ովքեր և պատասխանատու են այսօր մայրաքաղաքի առօրյայի, անցուդարձի, նաև կազմակերպվող միջոցառումների համար: Ըստ այդմ հարցերդ ուղղիր ճշգրիտ հասցեով և հասցեատերերին»,-ասում է Արթուր Գևորգյանը, ով Մարգարյանի օրոք քաղաքապետարանում հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետն էր:

Հետաքրքիր է նաև, թե ինչու են նոր իշխանությունները պատասխանտվությունից խուսափում։ Եթե անգամ Տարոն Մարգարյանի օրոք էր մտածված  կարգախոսն ու զարդարանքը արդյոք հնարավոր չէ՞ր նախապես իմանալ և  փոփոխություններ կատարել։

Ինչևէ մենք այսօր ունենք քաղաքի դիզայն, որն իր գեղեցկությամբ և նրբաճաշակությամբ աչքի չի ընկնում։


Դրան հաջորդած շնորհավորական ուղերձը կարծես մեսիջ էր հանրությանը, որ նա ապրում է մեր կողքին և դեռ չի մոռացել քաղաքապետի իր գործառույթները, մասնավորապես՝ շնորհավորական ուղերձներ հղելիս։Ուշագրավ է նաև այն, որ  քաղաքապետի հրաժարականից հետո մենք նրա մասին գրեթե ոչինչ չէինք լսում, միայն՝ օրերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե նա լքել է Հայաստանը և ընտանիքով տեղափոխվել Մոսկվա, սակայն ավելի ուշ հերքվեց տեղեկությունը։ 

Արմինե Արմենակյան