Այսօր Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև Իմ Քայլը դաշինքի թեկնածու Դիանա Գասպարյանը։
Գասպարյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց, որ իր շանսերը բավականին բարձր է գնահատում․«Երեկոյան ժամը 20։00-ից հետո հստակ կիմանաք, բայց իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում»։
Մեր այն դիտարկմանը, թե այսօր բավականին ընտրախախտումներ են հայտնաբերվել Էջմիածնում, Դիանա Գասպարյանը նշեց․«Էջմիածնում, այսօրվա դիտարկումներով, նախկին ռեժիմի ծառաները, կարծես թե, փորձում են ակտիվանալ որոշ թեկնածուների համար։ Կարծում եմ՝ այս ամենով են պայմանավորված տվյալ ընտրախախտումները։ Ես նաև ոստիկանության հետ անընդհատ կապի մեջ եմ»։
Իսկ թե ում կողմից են մասնավորապես ուղղորդվում այդ խախտումները, Գասպարյանը չցանկացավ մենկաբանել, հավելելով, թե միևնույնն է՝ բոլորը գիտեն դրանց մասին։
«Եթե հետաքրքրվեք, ինքներդ էլ կիմանաք ուղղորդողներին։ Դրանց մեջ են նաև իմ հակառակորդ թեկնածուները, ովքեր ռեալ ուժ են համարվում»,-ասաց Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում Իմ Քայլը դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Դիանա Գասպարյանը։
Հիշեցնենք, որ այսօր երկու անձ է բերման ենթարկվել Էջմիածնում․ նրանք կասկածվում են քվեաթերթիկները լուսանկարելու մեջ։
Արմինե Միքայելյան