Այսօր ԱԺ-ում մեկնարկած արտահերթ նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նորմալ է այսպիսի հապճեպությունը Ընտրական օրենսգրքում փոփոխություւններ անցկացնելու դեպքում․
«Պարո՛ն Զեյնալյան, Դուք նորմա՞լ եք համարում, որ սահմանադրական օրենքը, Ընտրական օրենսգիրքն ընդունվի այսպիսի հապշտապ ռեժիմով, առաջին ընթերցումն այսօր անենք, երկրորդ ընթերցումը վաղը, երբ ակնհայտ է, որ բազմաթիվ հարցեր կան, որ քննարկման առարկա են և համաձայնության գալու խնդիր էլ կա։ Ես ընդհանրապես չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքը այսպիսի հապճեպությամբ որևէ Ազգային ժողովում ընդունվեր, մանավանդ, երբ տեղի են ունենում արմատական կարևորագույն փոփոխություններ Ընտրական օրենսգրքի մեջ» ,-ասաց Ռուստամյանը։
Հարցին ի պատասխան` Զեյնալյանն ասաց, որ սովորական պայմաններում Ընտրական օրենսգիրքը ցանկալի կլինի ավելի երկար քննարկել, թողնել, որպեսզի այն հասունանա, դրա վերաբերյալ մտքերը խմորվեն և ընդունվի հնարավորինս անթերի իրավական ակտ, սակայն իրավիճակն այլ բան է թելադրում․ «Երկրում ֆորսսմաժորային իրավիճակ է և այս համատեքստում է, որ այսպիսի լուծում է առաջարկվել, ես Ձեզ հետ համաձայն եմ, բայց սովորական պայմանների դեպքում»։