«Մեր խմբակցությունը կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ դրա հիմքում ընկած են մի շարք պատճառներ, որոնցից հիմնականն այն հապճեպությունն է, որով այս փոփոխությունները ներկայացվել են։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ նա գնահատական է տվել փոփոխությունների բնույթին, որտեղ բառացիորեն նշված է խոշոր փոփոխությունների մասին։
«Կան փոփոխություններ, որոնք էական բնույթի են կամ խոշոր փոփոխություններ են և կան այնպիսիք, որոնք ոչ էական են։ Խոշոր փոփոխությունների հետ կապված հանձնաժողովի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ դրանք պիտի կատարվեն այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի քաղաքական ուժերը բավարար ժամանակ ունենան ու դրա համար այդ մեկ տարին անընդհատ նշվում է։ Անկեղծ ասեմ, որ ես բացարձակապես չէի ակնկալում, որ որևէ մեկի կամ որևէ երկրի կամ անձի կամ որևէ քաղաքական ուժի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի 47 անդամ-պետությունների համար տարիներ շարունակ ընտրությունների համար մշակած մոտեցումը։ Սա նորմալ է և իրենք չէին էլ փոխելու այդ մոտեցումը»,- ասաց նա: