Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, թե մինչև տարեվերջ հրաժարական է տալու Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Մխիթար Վարագյանի հետ, պարզելու՝ համապատասխանո՞ւմ է լուրն իրականությանը, թե՝ ոչ։

«Ով ասում է՝ գլուխը պատով է տալիս։ Միանշանակ, հրաժարական չեմ տալու»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Վարագյանը։

Անդրադառնալով խոսակցություններին, թե ՔՊ Արթիկի կառույցի երիտասարդները սկսելու են նրա պաշտոնանկության պահանջով ակցիաներ անցկացնել, Վարագյանն ասաց․ «Երբեք նման բան չեմ լսել ու ընդհանրապես նման մտահոգություն չունեմ, ասեմ նաև, որ այդ կառույցի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ»։

Վարագյանը նաև նկատեց, որ պատրաստվում է համագործակցել նոր իշխանության հետ և կիսում է նրանց տեսակետները։

«Ամենաշատը ես կիսում եմ ժողովրդի տեսակետը, որն է՝ Արթիկ քաղաքը լինի բարեկարգ, աշխատատեղեր ապահովվի, մարդիկ կարողանան ընտանիք պահել, որն էլ հենց հիմա ես անում եմ»,-ասաց Վարագյանը։

Հիշեցնենք, որ Վարագյանի անունը մշտապես կապված է եղել մի շարք լուրջ խախտումներ և սկանդալային դեպքերի հետ, մասնավորապես` «ժուչոկներ» տեղադրելու հայտնի գործի հետ։