Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իջևանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը:
Գրքի հեղինակը Լյուբիկ Չիբուխչյանն է, ով 2014թ. դիմել էր Ադրբեջանին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, սակայն չէր հաջողել:
Չիբուխչյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Փաշինյանին նվիրված գիրքը գրել է այն ժամանակ, երբ ընկերները «թասիբի են գցել», ասելով, թե բոլորի մասին գրում է, բացի Փաշինյանից:
«Քաղաքապետին էլ խնդրել եմ՝ գրքի մի փոքր մասը հովանավորի, որ գոնե մի 50 հատը բաժանեմ մեր բնակիչներին՝ իմանան դա ինչ ա, քանի որ թոշակառու մարդ եմ ու ամբողջը չէի կարող իմ ուժերով անել»,-ասաց Չիբուխչյանը:
Գրքի հեղինակը մեզ հետ զրույցում հերքեց նաև այն, որ եղել է ՀՀԿ-անդամ՝ խոսքը շրջելով այնպես, որ 1989 թվականին ինքն է առաջինը ստեղծել ՀՀԿ-ն. «Ես Սերժ Սարգսյանի հետ էլ յոլա չեմ գնացել, ի՞նչ ՀՀԿ-ի մասին է խոսքը, նրա հետ կապը վերջնականապես խզվեց մի 4-5 տարի առաջ, երբ ասացի՝ դու ինչի՞ չես նստել»:
Անդրադառնալով Ադրբեջանին հանձնվելու մասին մեր հարցին, Չիբուխչյանը կրկին վստահեցրեց, որ նման բան չի եղել, պարզապես ադրբեջանցի երգչուհու մասին ստեղծագործություն է գրել և ցանկացել է գնալ ու դա անձամբ հանձնել նրան:
Մեր այն դիտարկմանը, որ 2014թ նա հայտարարել էր, թե իրեն չեն գնահատում Հայաստանում և դեռ չգիտեն, թե ինչ են կորցնում, գրքի հեղինակը կրկին մանևրեց՝ առաջ բերելով իր հարուստ կենսագրությունն ու հանրաճանաչությունը. «Ես Հայաստանի և Ուկրաինայի պատվավոր քաղաքացի եմ, ինչպե՞ս եք պատկերացնում, որ դիմեմ Ադրբեջանին ապաստան տրամադրելու համար, ախր դա տրամաբանական էլ չէ նույնիսկ:
Իսկ Իջևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից անհասկանալի պատճառներով գրքի մասին արված հրապարակման հեռացման պատճառների մասին մենք փորձեցին տեղեկանալ քաղաքապետ Վարդան Ղալումյանից, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Արմինե Միքայելյան