«Նիկոլ Փաշինյանի երկրորդ անգամ առաջադրման իմաստը չեմ հասկանում, ձևական քննարկում է լինելու»,- անդրադառնալով վաղը՝ նոյեմբերի 1-ին վարչապետի ընտրության քննարկման հարցին՝ ասաց ՀՀկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա նշեց՝ ԸՕ օրենսգրքի բարեփոխումների փաթեթին նայել են ոչ թե ռեյտինգային կամ համամասնական ընտրակարգի տեսանկյունից, այլ քաղաքական: Բաղդասարյանի կարծիքով՝ ընտրություններից մեկ ամիս առաջ ԸՕ օրենսգիրքը փոխելն անթույլատրելի էր:
Նա մտահոգիչ չհամարեց, որ իրենց ցուցակում առաջիկա ընտրություններում շատերը չեն լինելու: Հարցին, թե կհաղթահարե՞ն արդյոք անցողիկ շեմը, պատասխանեց՝ չի կարծում, որ միայն անցողիկ շեմը հավաքելու համար պետք է իրենք մասնակցեն:
Բաղդասարյանի խոսքով՝ հիմա գնում են նոր ընտրությունների, պետք է սպասել և հետևել զարգացումներին: Ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին որոշում կկայացնեն մոտ օրերս, իրենց համաժողովում:
Այն հարցին, թե հնարավո՞ր է Վիգեն Սարգսյանը գլխավորի ՀՀԿ ցուցակը, Բաղդասարյանը պատասխանեց․ «Ենթադրություններ մի արեք, դա ընդհանուր քաղաքական ուժն է որոշելու»։