Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ահազանգել էր, որ Սևանա լիճը աշնան այս ամսին կանաչում է։ Սևանի խնդի մասին դեռ ամիսներ առաջ ահազանգում էին բնապահպանները՝ նախքան վերջին ջրառը կատարելը։ Այժմ փաստ է, որ Սևանը լուրջ էկոլոգիական խնդրի է բախվել, որը պահանջում է հատուկ ուշադրություն։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում բնապահպան, «SOS Սևան» նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը Սևանից ջուր բաց թողնելու՝ նոր Կառավարության որոշումը համարում է ճակատագրական Սևանի համար․ «Վերջին անգամ՝ երբ որոշում կայացվեց Սևանից ջուր բաց թողնել, մենք բավականին զարմացանք. մտածում էինք, որ մթնոլորտ է փոխվել, հետևաբար, մոտեցումները կփոխվեն, սակայն ԱԺ-ն մի կոճակով ընդունեց որոշումներ, որպեսզի ջրբացթողում արվի»,- ասաց Ադամյանը։
Նա նկատեց, որ խնդիրը բարձրաձայնել են դեռ նախորդ կառավարության օրոք, քանի որ ամբողջ աշխարհում լուրջ կլիմայական փոփոխություններ են և դրանք չէին կարող շրջանցել Հայաստանը։
Խոսելով Սևանի խնդրի լուծման տարբերակներից՝ Ադամյանն ասաց․
«Լիճն ունի էկոլոգիական խնդիրներ և ջրի մակարդակը պետք է բարձրանա, ջրի ջերմաստիճանը միշտ ցածր պետք է լինի։ Մենք ունենք ձկան պաշարների խնդիր։ Ոչ մի կաթիլ ջուր չպետք է բաց թողնեն Սևանից։ Որևէ գիտնական չէր էլ պատկերացնւոմ, որ էսպես արագ մենք կունենք լճի ջրի որակի անկում»։
Բնապահպանի կարծիքով, վիճակն այսպես շարունակվելու դեպքում Սևանա լիճը կվերածվի մեծ ճահճի։
Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը մեզ հետ զրույցում խոսելով խնդրի լուծման տարբերակներից՝ նշեց․
«Առաջին հերթին պետք է մաքրել ջուրը, ձկան պաշարի խնդիրը լուծել, լճում ջրի մակարդակը բարձրացնել։ Դրա համար Արփա-Սևան թունելը կա, որ Սևանի մակարդակը բարձրացնեն, ջրածածկ անտառները մաքրեն, պետք է մաքրված ջուր լցվի լիճը, պետք է խնամել լիճը. մենք մեզ պահում ենք բարբարոսի նման»։
Մինասյանը նկատեց, որ կան այլընտրանքային տարբերակներ, որոնցով հնարավոր է Սևանից ջրառ չիրականացնել․ «Ոռոգման համար 5 անգամ շատ ջուր կա, պետք է խելամիտ կառավարել, և ջուրը բոլորին կհերիքի։ Հայաստանում այնքան ջուր կա, որ այստեղ կարող է ապրել 7-8 միլիոն մարդ»,- նշեց նա։
Արմինե Արմենակյան