ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի բացառում, որ 2008թ. Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։ Այդ մասին ՀՔԾ պետն ասաց կառավարությունում լրագրողների հետ զրույցում:
«Հենց որոշենք, որ բավարար ապացույցներ կան Քոչարյանի մեղադրանքը փոփոխելու, լրացնելու համար, դուք կիմանաք: Եկեք պարզապես տրամաբանենք. Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ բանակը ներգրավված չի եղել, չի կրակել։ Հետո, երբ պարզեցինք, որ ներգրավված է եղել, հնչում էին կարծիքներ, որ լավ՝ ներգրավված է եղել, մնացել է զորանոցներում, չի կրակել։ Հետո, մենք հիմնավորեցինք, որ բանակը կրակել է։ Այս բացահայտումներն արդեն խոսում են, որ բանակի կրակված պարկուճները կեղծվել են։ Իրականում, շատ նշանակալի եմ գնահատում այս բացահայտումը, որովհետև դրանով փորձ է արվել ամբողջությամբ կոծկել իրական հանգամանքներն ու գործի ողնաշարը կոտրել», -ասաց Սասուն Խաչատրյանը։
Հատուկ քննչական ծառայության պետը չմեկնաբանեց՝ արդյոք գործով մեղադրանք առաջադրվելու է պաշպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: «Ասել եմ՝ չեմ մեկնաբանելու՝ ում, երբ, ինչ մեղադրանք է առաջադրվելու»,- ասաց նա։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության, պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:
Հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Այնուհետև այդ պարկուճները տրամադրվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: ֊ «Վերջինս, օժանդակելով Վ. Հ.-ին, նրա կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ», - ասված է հաղորդագրությունում:
Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վ. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Վ. Հ.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան' նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - նաև ասված է հաղորդագրությունում:
Այս տարվա հուլիսին արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանն ազատվել էր Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ «իր դիմումի համաձայն»։
Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն անցած տարիներին լրագրողների հետ հանդիպումներում բազմիցս է հայտարարել, թե գործի քննությունը թերի չի կատարվում: