Ադրբեջանի կողմից խախտումների քանակը կտրուկ նվազել է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կրակոցները ավելի քիչ են, քան նախկինում:
Սակայն նկատենք, որ օրերս Արցախ կատարած այցի ժամանակ Փաշինյանը ընդգծել էր նաև, որ ամեն պահի պետք է պատրաստ լինել իրադրության փոփոխության:
Բաբայանի խոսքով՝ պետք է փաստել, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Դուշանբեում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունից հետո խախտումների քանակը կտրուկ նվազել է, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանն է վերանայել իր քաղաքականությունը կամ հրաժարվել է իր նպատակներից:
«Դժբախտաբար, Բաքուն շարունակում է հայատյաց քաղաքականություն վարել: Ե՛վ Ալիևը, և՛ նրա կինը, որը առաջին փոխնախագահն է, և՛ Պաշտպանության նախարարը, և՛ ԱԳ նախարարը, և՛ տնօրենները, և՛ մանկապարտեզի դայակները, բոլորը խոսում են Արցախը ոչնչացնելու մասին: Նրանք երազում են Երևանում թեյ խմելու, հովանալու մասին, սրանք փաստեր են, որոնք չենք կարող ժխտել: Հետևաբար, լավ է, որ նման պայմանավորվածություն կա և խախտումների քանակը նվազել է, բայց մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ հակառակորդն իր նպատակներից չի հրաժարվել»,- ասաց Բաբայանը:
Նա նշեց՝ հակառակորդը ամենաանհարմար ու ամենաանսպասելի պահին կարող է զենքով կամ անմարդկային ձևով խախտել ցանկացած պայմանավորվածություն, ինչը բազմիցս արել է:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով սահմանային իրադրության մասին, ասել էր. «Պետք է արձանագրենք, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն: Ըստ էության, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ, բայց պահպանվում են: Ամեն դեպքում՝ պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Խնդիրներ կան, որոնք, թվում է, թե լուծված են, բայց մենք զինվորից պետք է իմանանք՝ դրանք լուծվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե խնդիրները բաց չքննարկենք, լուծումների հարցում կդժվարանանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Սոնա Հարությունյան