Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը բաց նամակ է հղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Արդեն տեւական ժամանակ է ինչ հանրային տարբեր հարթակներում, ի թիվս հանքարդյունաբերության վերաբերյալ տարածվող այլ միֆերի, շրջանառվում է որեւէ գիտական հիմնավորում չունեցող այն թեզը, թե Հայաստանում քաղցկեղի պատճառը հանքարդյունաբերությունն է: Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը, որում ներգրավված են ոլորտում գործող գրեթե բոլոր կազմակերպությունները, իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ նման ոչ կոմպետենտ հայտարարությունները ուղղակի հարվածի տակ են դնում երկրի տնտեսության համար կարեւորագույն այս ճյուղի նորմալ գործունեությունը:
Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է այնպիսի զարգացած երկրների տնտեսության լոկոմոտիվը, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, Շվեդիան եւ այլն: Ակնհայտ է, որ այն շարունակելու է լինել նաեւ Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկը, ուստի բոլորիս շահերից է բխում ունենալ զարգացած, բնապահպանական եւ սոցիալական բոլոր ստանդարտները պահպանող բնագավառ:
Մինչդեռ ոլորտի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունը, որոնցից մեկն էլ Հայաստանում քաղցկեղի պատճառների վերաբերյալ հետեւողականորեն տարածվող անհիմն հայտարարություններն են, շեղում են ոլորտը զարգացնելու իրական խնդիրներից եւ չեն նպաստում դրանց լուծումներին:
Հաշվի առնելով վերը շարադրվածը ակնկալում ենք Առողջապահության նախարարությունից տրամադրել ստորեւ ներկայացված հարցերի պատասխանները:
1. Արդյոք ուսումնասիրվե՞լ են Հայաստանում քաղցկեղի առաջացման պատճառները, կա՞ որեւէ ապացույց հանքարդյունաբերության եւ քաղցկեղի կապի վերաբերյալ:
2. Եթե այո, խնդրում ենք ներկայացնել ուսումնասիրության մանրամասները, մեթոդաբանությունը, եթե ոչ, խնդրում ենք հրապարակել նման ուսումնասիրության բացակայության մասին տեղեկատվություն»: