«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա ընտրությունների արդյունքում փորձելու է առավելագույն ներգրավվածություն ունենալ խորհրդարանում: Սակայն ժողովուրդը կորոշի, թե ինչ տեղ են ունենալու ԱԺ-ում: ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Այս փուլում տարբեր քաղաքական ուժեր հնարավորություն են ունեցել հրապարակելու, որ ընտրությունների արդյունքում երրորդ, երկրորդ կամ առաջին տեղ զբաղեցնելու հավակնություններ ունեն: Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձելու է առավելագույն ներգրավվածություն ունենալ խորհրդարանում: Կարծում ենք, որ մեր առաջարկած ծրագրային մոտեցումները մեր երկրում պետք է իրականություն դառնան: Եվ մեր կուսակցությունում, ցուցակում ներգրավված կադրային ներուժի նպաստը Հայաստանին բերելը շատ կարևոր կլինի: Եվ պատճառով այս քարոզարշավում փորձելու ենք լավագույնս ներկայացնել իրենց կադրային ներուժը, ծրագրային դրույթները»,-ասաց Էնֆիաջյանն ու շեշտեց. «Իսկ թե որ տեղում կլինեն և ինչ քվե կստանան, կորոշի միայն ժողովուրդը»:
Հարցին, թե ի սկզբանե նպատակադրում չունե՞ն ընդդիմություն դառնալու, նա պատասխանեց՝ գնում են ընտրությունների, իրենց ծրագրերը, ներկայացնելու, ժողովուրդն է որոշելու, թե ով ինչ մասնակցություն կունենա քաղաքական դաշտում: