Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել էր Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսյանին։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ կազմակերպություն է իրենից ներկայացնում Ավետարանչական ընկերակցությունը և որքանո՞վ էր ճիշտ Առաջին տիկնոջ մակարդակով ընդելության արժանացնել ընկերակցության ներկայացուցչին։


«Ինչո՞ւ եք զարմանում։ Հայաստանի պայմաններում, եթե նախագահի օգնականը նույն եկեղեցու ներկայացուցիչն է, ինչո՞ւ Աննա Հակոբյանը չպետք է ընդուներ նրան։ Ես չէի ընդունի այդ քայքայիչ աղանդավորական կազմակերպության ներկայացուցչին, ոչ միայն Աննա Հակոբյանը, այլև այդ հանդիպումը կազմակերպողները պետք է ուսումնասիրեին ու հասկանային, թե ինչ է իրենից ներկայացնում կազմակերպությունը։ Առհասարակ, լինի Առաջին տիկին, թե մեկ այլ անձ՝ պետք է հասկանան՝ ում են ընդունում»
,- ասաց Ամարյանը։ Նրա խոսքով՝ Հայ ավետարանչական ընկերակցությունը ստեղծված է իրեն եկեղեցի հռչակած, բայց խորքում աղանդավորական Հայ Ավետարանական կազմակերպության կողմից․ «Այն իրենից ներկայացնում է փողերի լվացման կառույց, որի միջոցները գալիս են արտասահմանից․ Ամերիկայի հայ ավետարանչական եկեղեցին զբաղվում է Ամերիկայի համար ՀՀ հողերն առնելով։ Վերադասը տարեկան 7 մլն դոլար գումար է ուղարկում, իրենք դրանցով ապրում են։ Պարտադիր չէ ինչ-որ ծրագրերի միջոցով դրանք իրականացնել, այլ՝ նպատակային խնդիրներ լուծելով»,- իր կարծիքը հայտնեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավարը։

 

Ի դեպ՝ հետհեղափոխանական շրջանում խոսվում է, որ նոր իշխանության որոշ ներկայացուցիչներ, նրանց կողքին կանգնած դերասաններ և այլն, ներգրավված են տարբեր աղանդավորական շարժումների մեջ։ Ստացվում է՝ նոր իշխանությունները տե՞ղ են տալիս աղանդավորությանը դիտարկմանն ի պատասխան՝ Ամարյանն ասաց․ «Այսօր ոչ միայն աղանդավորական շարժմանն է մեծ տեղ տրվում, այլև ԼԳԲՏ-ին։ Թեև սրանց  դեմն առնելուն ուղղված գործողություններ պետք է իրականացնի կառավարությունը, սակայն ինչպես տեսնում եք՝ այդ հարցերը կարգավորելու համար ժամանակ չունի, քանի ավելի լուրջ խնդիրներով է զբաղված՝ մարիխուանա, ԼԳԲՏ թույլատրել»,- նկատեց Ամարյանը։