ՀՀ-ում արդեն կես տարի է՝ նոր իրողություն է և երկրում փորձում են կատարել ոլորտային և տակտիկական լուրջ փոփոխություններ: Հեղափոխությունից հետո բոլոր ոլորտների պատասխանատուները ներկայացրին իրենց առաջնային տեսլականներն ու լծվեցին գործի:
Հանրության համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներից մեկը՝ Մշակույթի նախարարությունը, վստահվեց Լիլիթ Մակունցին, ով հենց սկզբից աչքի ընկավ այն տարօրինակ մեկնաբանությամբ, թե «մշակույթը հեց ես եմ, այն իմ մեջ է»: Մակունցն այն գործիչներից է, որին մշակութային հանրությունը ոչ միանշանակ ընդունեց, իսկ որոշ գործիչներ հրապարակավ քանիցս քննադատությամբ հանդես եկան:
Նախարարի մասին քննադատություն անելու առիթ գրեթե չկա, քանի որ նա առանձնապես ոչ մի լուրջ գործով աչքի չի ընկել, իսկ մշակույթն այն սպեցիֆիկ ոլորտն է, որտեղ հարկավոր է յուրահատուկ ու ինդիվիդուալ մոտեցումներ:
Նախորդ շաբաթ ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի ղեկավար Թովմաս Պողոսյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Արցախ մեկնելու խնդրանքով դիմել է նախարար Մակունցին, որպեսզի վերջինս տրամադրի ավտոբուս՝ համերգային շրջայցի մեկնելու համար, սակայն նախարարը պատասխանել է, որ Պողոսյանն ուշացել է իր դիմումի հարցում, որոշակի ժամանակային խնդիրներ կան և չի կարող տրամադրել փոխադրամիջոց: Այլ կերպ ասած՝ ուղղակի չէր կատարել Պողոսյանի խնդրանքը: Նեղսրտած Պողոսյանը կատարվածը մեկնաբանել էր, թե՝ «եթե վաղն, Աստված մի՛ արասցե, պատերազմ սկսվի և դիմեմ՝ ասեմ տասը ավտոմատ տվեք, գնում եմ սահման, ինձ պետք է պատասխանեք՝ ուշ եք դիմե՞լ, պետք է դիմեիք հինգ ամիս առա՞ջ»։
Ստացվում է, որ մշակույթի նախարարն իր գործելաոճով ոչնչով չի տարբերվում իր նախորդներից: Իսկ ահա օրերս Մակունցը բանավոր զգուշացրեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենին՝ աշխատանքային ժամերին չզբաղվել քաղաքական գործունեությամբ։
Մակունցն իր գործունեությամբ ոչ միայն ոչնչով աչքի չընկավ, ոչինչ չարեց, որպեսզի հանրությունը զգա այսպես ասած «հեղափոխական շունչը», հակառակը՝ բավականին լուրջ բացթողումների ու կիքսերի էպիկենտրոնում հայտնվեց: Նախ՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ մի խումբ այլ նախարարների հետ ամերիկյան փաբերում ակտիվ ժամանակ էին անցկացրել, ինչը լայն զանգվածների քննարկմանն ու բացասական վերաբերմունքին արժանացավ:
Մակունցի հերթական իմիտացիոն ժեստը կապված էր «Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով անվանափոխելու մասին՝ սոցցանցերում ընթացող քննարկումների հետ: Իր հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ անվանափոխման հետ կապված իր վերաբերմունքը բացասական է, սակայն հարցի հանրային լինելը հաշվի առնելով, նախապատրաստվում են անցկացնել հանրային լսումներ: Կարճ ասած՝ հանրության աչքին «թոզ են փչում»՝ տպավորություն են ստեղծում, որ լուրջ գործի վրա են, սակայն իրականում ոչինչ էլ չի արվում՝ ինչպես նախկինում էր: Ահա այսքանից հետո նա պատրաստվում է առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում է:
Ստացվում է հետաքրքրիր համայնապատկեր. ոլորտը, որտեղ առկա են բազում խնդիրներ, որն առանձնանում է ազգային դիմագիծ պահպանելու և ժողովրդի ավանդույթների վերհանումն ու սերունդներին մատուցելու վեհ գործով, ղեկավարում է մի անձ ում գործունեության շրջանակները չեն անցնում շարքային կուսակցականի մակարդակից վերև: Մակունցն ամբողջ օրն զբաղված է ՔՊ կուսակցաշինությամբ ու նախընտրական պրոպագանդայով, իսկ Մշակույթի նախարարության օրակարգը մատնված է անտերության:
Ըստ էության, արժե ֆիքսենք հետևյալը. նախ՝ ինչո՞ւ է նման վարկանիշ ունեցող և ոլորտը գրեթե տապալած անձը ներառված «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում, և ինչքանո՞վ է նրա ֆակտորը նպաստելու դաշինքի վարկանիշին: Անտրամաբանական է, թե ով իր քվեն կտա նման չստացված կադրին, ով ամբողջությամբ տապալել է մի ամբողջ ոլորտ և վստահություն ու հավատ չի ներշնչում մշակույթի ոլորտի ներկայացուցիչների շրջանում: