«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) նախազգուշացրել է, որ 2018թ. դեկտեմբերի 1-ից դադարեցվելու է բեռնափոխադրող լաստանավերի աշխատանքը, ինչը նշանակում է, որ եկող տարվա սկզբից Հայաստանը չի կարողանա հացահատիկ ստանալ ոչ ցամաքային, և ոչ էլ ծովային ճանապարհով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ո՛չ ՀԿԵ-ն, և ոչ ռուսական երկաթուղիները, սեփականատեր չեն լաստանավի ընկերությանը և բեռների ներկրման հարցում որոշիչ դեր չեն խաղում:
Ըստ Գրդզելյանի՝ սեփականատեր չլինելու պատճառով չենք կարողանում նույն հաճախականությամբ կազմակերպել ներկրումը:
«Մենք միշտ առաջարկել ենք և հիմա էլ ենք կողմնակից, որ լաստանավ ունենանք, որը հնարավորություն կտա սեփական բեռները փոխադրել առանց արտաքին միջնորդության կամ թույլտվության: Այս հարցը պետք է լուծել, հասկանալ»,- ասաց ՀԿԵ-ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:
Գրդզելյանը նկատեց, որ լաստանավի ընկերությունը պահանջում է լրացնել բեռը. «Նրանք իրենց 40 վագոնի տերն են, ասում են կամ լցրեք, կամ էլ գումարը տվեք այդ վագոնների ու ինչ ուզում եք՝ տեղափոխեք, նրանք միևնույն ժամանակ բաց են մեզ հետ համագործակցելու համար. երբ 40 վագոնի ապրանք ունենանք՝ նրանք մեզ համար բեռնափոխադրում կապահովեն»:
Իսկ ինչ վերաբերում է Տրանսպորտի և կապի նախարարության դիրքորոշմանը, փոխնախարար Արմեն Փամբուխչյանը բազմիցս նշել է, որ մեր վաղեմի երազանքն է՝ ունենալ սեփական լաստանավեր:
Արմինե Միքայելյան