«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին հայտնի դարձավ ոչ միայն ՀՀԿ–ի նախընտրական կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», այլեւ կուսակցության քարոզչական պաստառի գույնը՝ ընդգծված սեւը: Ընդ որում՝ սեւ հատվածը ներառված էր ավելի մեծ սպիտակի մեջ, որտեղ զետեղված էր կարգախոսի «եթե մտահոգ ես» հատվածը, իսկ սեւ հատվածում՝ «ընտրիր Հանրապետականին» ձեւակերպումը: Կարգախոսներն ու պաստառներն, անշուշտ, չեն կարող վճռել ընտրությունների արդյունքները: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ընտրությունների արդյունքների վրա ազդում են այլ հանգամանքներ, էսթետիկական դաշտից դուրս գտնվող հանգամանքներ:
Բայց կարգախոսն ու պաստառը, ընդհանրապես քարոզարշավային խորհրդանիշները կարող են որոշակի ազդակներ հանդիսանալ՝ պատկերացնելու տվյալ ուժի քաղաքական տողատակը, նրանց մասնակցության մարտավարությունն ու քաղաքական գործունեության առաջիկա տրամաբանությունը: Այս կոնտեքստում ՀՀԿ–ի ընտրած կարգախոսը, առավել եւս պաստառի սեւ գույնը որոշակիորեն թույլ են տալիս հասկանալ այդ կուսակցության թե՛ քարոզարշավային ընթացքը, թե՛ հետագա գործունեության էությունը:
Փաստացի հանրապետականները մտնում են Նիկոլ Փաշինյանի եւ իշխող ուժի կողմից սահմանված խաղի կանոնների դաշտ: Խոսքը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ակտիվորեն շրջանառվող սեւ–սպիտակ քարոզչության մասին է, որը քաղաքական դաշտը բաժանում էր հեղափոխականների եւ հակահեղափոխականների, յուրայինների եւ օտարների: Չնայած այն հանգամանքին, որ այս անգամ իշխանություններն ընտրությունների են գնում այլ հռետորաբանությամբ ու տոնայնությամբ, սեւ–սպիտակի տրամաբանությունը որոշակիորեն շարունակելու է ներկա լինել: Հանրապետականները, ըստ էության, դիրքավորվելով սեւ՝ շարունակում են Փաշինյանի սկսած խաղը այդ իսկ խաղի կանոններով:
ՀՀԿ–ին, անշուշտ, չի կարելի մեղադրել: Նրանք չէ, որ սահմանել են այդ խաղի կանոնները, նրանք ընդամենն այդ կանոնների շրջանակում դիրքավորվել են ըստ իրավիճակի՝ նախընտրելով ինքնադրսեւորվել որպես սեւ: Սա ոչ միայն մարկետինգային իմաստով է ճկուն քայլ, այլ բավականին հեշտացնում է ՀՀԿ–ի գործը, ի տարբերություն մասնակից շատ այլ ուժերի: Խոսքը թիրախային լսարանի սահմանները առավել հստակ ուրվագծելու մասին է: Լսարան, որն անշուշտ այժմ փոքրամասնություն է, բայց լսարան, որի առկայությունն անհնար է նաեւ չնկատել:
Սակայն մարկետինգային ու քարոզարշավային հանգամանքներից զատ, ՀՀԿ–ի այս մոտեցումը հղի է վտանգներով՝ շարունակելու Փաշինյանի սահմանած խաղի կանոններն ու դրանից բխող հետեւանքները: Դաշտը բաժանելով սեւի ու սպիտակի՝ իշխանույունները ոչ միայն շանս են տալիս հեղափոխության թիրախ ՀՀԿ–ին ռեաբիլիտացվելու, այլեւ, ըստ էության, հիմքեր են դնում Հայաստանում քաղաքական դալտոնիզմի ամրապնդման: Դալտոնիզմ, որն առավել քան անթույլատրելի էր հեղափոխության, հատկապես սիրո եւ համերաշխության հեղափոխության տեսանկյունից, երբ կար քաղաքական դաշտի առողջացման ու բազմազանեցման խորքային խնդիր: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ ՀՀԿ–ն պետք է կապիտուլացվեր ու արհեստականորեն ստեղծվեր դաշտ՝ բաղկացած բացառապես կողմնակիցներից:
Խոսքն այն մասին է, որ սեւ–սպիտակ գիծ քաշելով մի ընտրությունների ժամանակ, որին նոմինալ սեւերը չէին մասնակցում, իշխանություններն, ըստ էության, փակեցին քաղաքական այն ուժերի ճանապարհը, որոնք ժամանակի ընթացքում կարող էին հավակնել բազմազանեցնել Հայաստանի քաղաքական դաշտը՝ միաժամանակ խախտելով անցյալի դառը ավանդույթն ու կոտրելով ընդդիմադիր լինելու համար պատեհ–անպատեհ իշխանություններին քննադատելու բարդույթը:
Իշխանության սահմանած խաղի կանոններով, փաստորեն, շահում են իշխանություններն ու ՀՀԿ–ն: Արդյո՞ք սա արվել է միտումնավոր, թե՞ պարզապես Երեւանի ավագանու ընտրություններում ամեն գնով բարձր տոկոսներ ստանալուն միտված քարոզչական կարճատեսության հետեւանք է, դժվար է ասել: Բայց արդեն իսկ կան անհանգստացնող ազդակներ առ այն, որ ՀՀԿ–ին ընդդիմության տիտղոսը հանձնելով՝ իշխանությունը փորձում է փակել իրական քննադատությունների հնարավորությունը՝ միաժամանակ ձեռքի տակ քավության նոխազ պահելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում