Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը ամփոփված է  մի ընդհանուր կարգախոսի մեջ «Եթե մտահոգ ես… ընտրիր Հանրապետականին»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ընտրական ցուցակի հինգերորդ համար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը:

«Ինչով պետք է մտահոգ լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մտահոգ պետք է լինի Հայաստանի անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, սոցիալական խնդիրներով և աշխատանքը կորցնելու վտանգով:  Մենք կարծում ենք, որ մարդիկ «զգացմունքային արտացոլանքներից զատ» քաղաքականության մեջ կորսան նաև գաղափար և թիմ, կորսան փորձառու մարդկանց, ովքեր ոչ միայն ունակ են աշխատելու ապագայում, այլ նաև ունակ են եղել վերանայել իրենց  անցյալը, դիրքավորվել որպես սկզբունքային անդավաճան պրոֆեսիոնալ մարդիկ և, ովքեր պատրաստ են նաև Հայաստանի ապագայի կառուցման գործում ունենալ իրենց հստակ կայուն դերակատարությունը»,- նշեց Աշոտյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրի բաղկացուցիչ մասը կազմում է ՀՀԿ խորհրդի վերջին  հայտարարությունը, որը ծրագրի լրամշակման համար հիմք է հանդիսացել, ինչպես նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագիրը:

Աշոտյանը նաև պատասխանեց հարցին, թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին ընտրի Հանրապետականին. «Ինչո՞ւ ընտրել Հանրապետականին, որովհետև մենք ունենք պատմություն, գիտելիք, փորձ և գիտենք ու ընդունել ենք մեր սխալները: Մենք պատրաստ ենք ծառայել հայրենիքին»:

ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանի խոսքով` իրենց կուսակցությունը չի ցանկանում լինել դիտորդի կարգավիճակում, այլ ընդհակառակը՝ պատասխանատվություն է զգում երկրում  գործընթացների նկատմամբ:

«Երբ դու դիտորդի կարգավիճակում ես` կրկին պատասխանատու ես: Մենք ցանկանում ենք դիտորդի կարգավիճակում չլինել: Երկրորդ` մենք ամբողջությամբ գիտակցել ենք մեր քաղաքական ուղին` այն բացթողումները, որոնք ունեցել ենք, և այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք: Ունենք գիտելիք, ունենք փորձ, ունենք պատրաստակամություն, որ կարող ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Մենք ցանկանում ենք թույլ տալ մեզ բարձրաձայնել այն խնդիրները, որ տեսնում ենք թե՛ մեր արածի, և թե մեր չարածի մասով»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Ըստ Աշոտյանի` նախընտրական քարոզարշավում քաղաքական հաջողության թիվ մեկ գրավականը պետք է լինի  քաղաքական միտքը և բովանդակությունը:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: