«Փաշինյանը մեկնաբանեց, որ Հայաստանում 800.000, այսպես կոչված, անբան կա, մեր հայ ժողովրդին նման գնահատական չեն տալիս, նույնիսկ Օսմանյան կայսրությունում նման բան չեն արել: Սա ապացուցեց, որ «Ժողովուրդը Նիկոլ է» հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ համապետական ցուցակի 3-րդ համարով խորհրդարանական ընտրություններին առաջադրված Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ վիճակագրությանը վերաբերող ելույթին:

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարության շուրջ բարձրացած աղմուկին՝ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ հասարակությանն ավելի շատ վրդովեցրել է «Իմ քայլը» դաշինքի երեկվա քարոզարշավը՝ թե՛ սպառնալիքներով, և թե՛ մի շարք հայտարարություններով. «Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը ներկայիս իշխանության տեսակետն է»:Ըստ Շահնազարյանի՝ շատ հետաքրքրական է այն, որ ներկայիս իշխանությունը եկած օրվանից հարվածում է հայկական բանակին, որի նպատակն է բանակը բերել այն վիճակին, ինչպես որ հիմա է. «Այսինքն՝ տանել դեպի թուլացման, ինչը գալիս է անփորձությունից: Եկած-չեկած՝ բանակն արժեզրկում են, իսկ Մանվել Գրիգորյանի մեղադրանքների հետ կապված էլ՝ կարող եմ վստահեցնել, որ ոչ մեկի մտքով չպետք է անցնի, թե նա պահածո է գողացել, քանի որ դեռևս չկա ոչ մի ապացույց»: