ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքում առաջադրված անկուսակցական Դավիթ Շահնազարյանը, ինչպես նախորդ հարցազրույցներում, այնպես էլ այսօրվա ասուլիսի ժամանակ, կրկին խոսեց Մարտի 1-ի մասին:
Շահնազարյանը, հակադարձելով «Իմ քայլը» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ինքը Մարտի 1-ին ոչ թե շշերը կոտրել է, այլ հավաքել դրանք, նկատեց. «Քննչականը կզբաղվի իհարկե այդ հարցով, բայց դրանք կոտրել ենք, որ այլ նպատակներով չօգտագործվեին: Այդ մասով նաև կարող եմ ասել, որ էդ մարդիկ շատ լավ գիտեն՝ որտեղ՝ ինչ է եղել, և հիմա իրենց դրել են ռետինե խողովակների տեղ ու ուզում են մոլորեցնել Մարտի մեկի զոհվածների ընտանիքների անդամներին՝ օգտագործելով ի շահ իրենց քաղաքական նպատակների»:
Այն դիտարկմանը, թե Փաշինյանն իր ելույթենրում անընդհատ հայտարարում է, թե Մարտի1-ն ամբողջությամբ բացահայտվել է, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը շեշտեց. «Կներեք, բայց մինչև հիմա որևէ դրական տեղաշարժ չի եղել այդ մասով, ինչպես որ չի եղել որևէ իրական քայլ կոռուպցիայի վերացման մասով»:
Ըստ Շահնազարյանի՝ Մարտի 1-ի քննությունը տեղի է ունենում բացառապես ներկայիս վարչախմբի պրոպագանդայով և միայն հակաքարոզով են զբաղված. «Մարտի 1-ի քննությունը տապալված է: Նույն գաղտնալսման մասով հայտարարեցին, որ մանրամասներ կասեն քարոզարշավի ընթացքում, ինչը բացահայտ ցույց է տալիս, որ նրանք այլևս ասելիք չունեն, և տեսնելով, որ ժողովուրդը թմբիրից դուրս է գալիս՝ մի բան գտնում են, որ ասեն»:
Վերջում Դավիթ Շահնազարյանը խոստացավ, որ առաջիկայում հանրությունը կրկին կարող է իրենից հետաքրքիր անակնկալներ սպասել: