ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, այսօր ԱՄՆ-ից Հայաստան կժամանի Դոն «Վիշապ» Վիլսոնը:

Քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնը, ով նաև դերասան է, սցենարիստ և պրոդյուսեր, կժամանի ժամը 20.30-ին Մոսկվայից Հայաստան եկող չվերթով:

Դոն Վիլսոնն առաջին մարդն է, ով իր ճանապարհը մարտարվեստում սկսել է Կունգ Ֆուից եւ դարձել քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն, ավելորդ անգամ ապացուցելով չգրված իմաստությունը՝ հաղթում է ոչ թե դպրոցը, կամ ոճը, այլ մարդը: Ուիլսոնը իր հաշվին գրանցել է 69 հաղթանակ, որոնցից 46-ը՝ նոկաուտով: Շուրջ տասը տարի անընդմեջ նա դարձել է աշխարհի չեմպիոն՝ ձեռնունայն թողնելով, ինչպես վառ աստղերին, այնպես էլ խոստումնալից երիտասարդներին:

Ուիլսոնը իրեն փայլուն է դրսևորել ոչ միայն մարտարվեստում, այլև կինոաշխարհում: «Վազող թիրախ», «Ինֆերնո», «Արյունոտ բռունցք», «Գիշերային որսորդ». այս ամենը Ուիլսոնի խաղացանկի միայն մի մասն է, որտեղ նա հանդես է եկել որպես գլխավոր դերակատար: Այսպիսի հավակնոտ մարդկանց, ովքեր հաջող կերպով համատեղել են սպորտը և կինոարվեստը ԱՄՆ-ում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել:

Դոն Ուիլսոնը, ով հետագայում ստացավ Վիշապ մականունը, ծնվել է Ֆլորիդայում 1954 թվականին: Վաղ տարիքից Ուիլսոնը ստիպված է եղել ամեն ինչին հասնել ինքնուրույն՝ հույսը չդնելով այլ մարդկանց օգնության վրա: Այն համայնքում, որտեղ ապրում էր Դոնը, անչափ քիչ էին ասիական ծագմամբ բնակիչները, մինչդեռ աֆրոամերիկացիների հանցագործ խմբերի և սպիտակ մաշկ ունեցող ռասիստների պակաս չէր զգացվում: Ուիլսոնը պարզապես ստիպված էր սեփական հեղինակությունը հաստատել բռունցքներով: 1976 թվականին նա սկսեց ուսումնասիրել կարատեի յուրահատուկ ՝ վիշապի ոճը, այստեղից էլ, ի դեպ, նրա մականունն է առաջացել:

Ֆուլ-կոնտակտ կարատեի մրցաշարներում Դոնը իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում: Շատ արագ ՝ 1978 թվականին նա դարձավ  աշխարհի չեմպիոն:Դրանից հետո ի հայտ եկան բարերարներ, ովքեր ուշադրություն դարձրին այս տաղանդավոր երիտասարդի վրա:Այդ նույն ժամանակ ճակատագիրը Ուիլսոնին ծանոթացրեց հանրահայտ Բիլլի Ուոլլեսի հետ, ով վեց տարի շարունակ քիքբոքսինգում իրեն հավասարը չի ունեցել: Այդ ծանոթությունը Ուիլսոնի կյանքում մեծ հետք է թողել, նա քրտնաջան պարապում էր արդյունքի հասնելու համար և արդյունք էլ իրեն երկար չսպասեցրեց: 1980 թվականին հոկտեմբերի 13-ին Ուիլսոնը հաղթանակ տարավ Կարատեի պրոֆեսիոնալ ասսոցիացիայի կազմակերպած աշխարհի առաջնությունում: