Նախընտրական արշավը մտնում է երկրորդ ռաունդ: Նախընտրական շրջանի գլխավոր ինտրիգներից մեկը, որ միշտ առաջ էր քաշվում, վերաբերում էր իշխանության որդեգրած մարտավարությանը։ Հարց էր՝ ընտրություններն անցկացվելու են, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, բարիկադները քանդելու կարգախոսի ներքո բխող մարտավարությա՞մբ, թե՞ շարունակվելու է, ինչպես Երևանի ավագանու ընտրություններում, սև-սպիտակի տարանջատման ձևաչափը։

Ինչպես ցույց տվեցին ընտրարշավի առաջին օրերը, Փաշինյանն ու նրա գլխավորած քաղաքական ուժը նախընտրել են սև-սպիտակի մարտավարությունը։ Առաջին օրերին այդ մարտավարությունը շատ ավելի կոշտ էր, քան կարող էր ենթադրվել։ Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի բևեռացումը. ամենայն հավանականությամբ, այս հարցում վճռորոշ դեր խաղաց նոյեմբերի 24-ին կայացած երևանյան երթը, որի սակավամարդությունը անհնար էր թաքցնել։ Այդ փաստը Փաշինյանի համար ուժերի ստուգատես էր, որը որոշակի մտահոգությունների տեղիք տվեց։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի ճնշող առավելությունը որևէ մեկը կասկածի տակ է դնում։ «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքական կայուն մեծամասնության ձևավորման խնդրի շուրջ որևէ մեկը չի կասկածում, սակայն անցած շաբաթ օրը կայացած երթը վարչապետի համար տագնապալի ազդակ էր, տհաճ անակնկալ, որ հեղափոխական էյֆորիան, այնուամենայնիվ, զգալիորեն նվազել է։

Հեղափոխության թիմում անգամ նեղություն չէին քաշել ինչ-որ բան մտածելու՝ իմաստավորելու իրենց գործողությունը։ Փաշինյանի պոտենցիալ ընտրազանգվածը նախընտրեց շաբաթ օրն անցկացնել ոչ թե քայլարշավում, այլ առօրյա կենցաղային հարցերով, շաբաթօրյա հոգսերով՝ երկրորդ պլան մղելով Փաշինյանի ծրագրերը։ Սա իսկապես նշանակում է, որ էյֆորիայի մակարդակը զգալիորեն իջել է։ Վարչապետի պաշտոնակատարը ժամանակ շահելու խնդիր ունի. իրական գործերը բավականին մշուշոտ են, և, առանց շոշափելի արդյունքների հասնելու, իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար էյֆորիան կարևորագույն գործոն է։ Այս պայմաններում Փաշինյանը հասկացավ, որ անհրաժեշտ է կոշտ հռետորաբանության միջոցով վերադառնալ հակահեղափոխության վտանգի թեմային։ Նորից ձևավորվեցին թիրախներ ընտրազանգվածի համար։ Առաջին թիրախը, այսպես կոչված, ռևանշիստներն են՝ սև ուժերը ի դեմս սերժսարգսյանական ՀՀԿ-ի։ Երկրորդ թիրախը զենքով իշխանությունը իրենցից վերցնել սպառնացող «Սասնա ծռեր» կուսակցությունն է։ Հանրության մեջ փորձում են արմատավորել այն գաղափարը, որ առաջիկա ընտրությունն ամենավճռական ճակատամարտն է, և ամեն ինչ ու ամեն ոք պետք է համախմբվի «Իմ քայլը» դաշինքի շուրջ։ Դրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ավելի քան կոշտ հռետորաբանությունը, նա իր խոսքում անցնում է ընդունելի և անընդունելի բոլոր սահմանները, ինչը զարմացնում է նույնիսկ միջազգային դիտորդներին։ Այս համատեքստում Փաշինյանը անխնա պիտակավորում է հանրապետական կուսակցությունը, իսկ «Սասնա ծռերին» էլ ուղղակիորեն ասում է՝ հանկարծ չշփոթեն իրեն թուլամորթ Սերժ Սարգսյանի հետ։

Նիկոլի մարտավարությունը հստակ է։ Այնուհանդերձ, պետք է նկատել, որ սև-սպիտակի մարտավարությունը կարծես համընկնում է նաև ՀՀԿ-ի շահերի հետ։ Թեկուզ թվում է, թե ամեն ինչ շատ ծանր է ՀՀԿ-ի կամ «Սասնա ծռերի» համար, սակայն փաստ է, որ հանրապետականները հենց այդ խաղի կանոններն էլ ցանկանում էին, քանի որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց ասոցացնեն սև ուժերի հետ։ Եվ դա արվում է բացահայտորեն՝ ՀՀԿ նախընտրական պաստառների, հոլովակների և այլ ատրիբուտների միջոցով։

Փաշինյանի կողմից «Սասնա ծռերին» թիրախավորելը մեծացնում է նաև վերջիններիս վարկանիշը։ «Ծռերի» ընտրազանգվածը շատ դժգոհ է Փաշինյանի անվճռականությունից, նախկին ռեժիմի նկատմամբ հանդուրժողականությունից։ Եվ Նիկոլ Փաշինյանը իր կոշտ հռետորաբանությամբ գրգռում է «Սասնա ծռերի» ռադիկալ ընտրազանգվածին ու էլ ավելի է ստիպում համախմբվել նույն «Ծռերի» շուրջը։

Ընտրարշավի առաջին օրերը ցույց են տալիս, որ սև-սպիտակ բաժանումը ասես մեկ ընդհանուր խաղի փոխկապակցված շղթա լինի։ Փաշինյանը մի կողմից իր ընտրողներին է կոնսոլիդացնում՝ պահպանելով էյֆորիան, որպեսզի տհաճ անակնկալ չունենա և ապագայի համար էլ որոշակի ժամանակ շահի, մյուս կողմից էլ նա, դաշտը բաժանելով սև-սպիտակի, ընդգծում է, թե ովքեր են իրական ընդդիմադիրները։ Սա հին գործելաոճ է, որը կիրառվել է բոլոր իշխանությունների օրոք ։