ՕԵԿ-ն այսօր ամփոփեց քարոզարշավը։ ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ 12 օրը բավարար չէր պտտվել ամբողջ երկրում, լինել բոլոր բնակավայրերում և ներկայացնել իրենց ծրագրերը, բայց կարծում է, որ ժողովուրդը հնարավորություն ունեցավ այս 12 օրվա ընթացքում լսել քաղաքական տարբեր ուժերի դիրքորոշումները և տեսակետները։ 

«Օրինաց երկիր կուսակցությունը ներկայացրել է բավականին մրցունակ ծրագիր, մենք մեր ժողովրդին ասում ենք՝ ինչ է արել ՕԵԿ-ը և ինչ ծրագրերով է գնում առաջ։ ՕԵԿ-ը Հայաստանում հետք թողած քաղաքական ուժ է։ Այն 250 օրենքի հեղինակ է, և մենք հպարտությամբ ենք ասում այդ մասին։ Հայաստանում այլևս ավարտված է նախորդ քաղաքական ռեժիմի գործունեությունը։ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ավարտել են իրենց քաղաքական առաքելությունը։ Համոզված եմ, որ նախորդ քաղաքական ռեժիմը Հայաստանում քաղաքական ռևանշիզմի հասնելու որևիցե հնարավորություն չունի, մենք պետք է գնանք նոր Հայաստանի ճանապարհով»,-ասաց Բաղդասարյանը։ 

Բաղդասարյանի խոսքով՝ իրենք առաջարկում են նոր գաղափարներ բոլոր ոլորտներում։ Նա անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին։

«Այսօր Հայաստանի Հանրապետության համար կարևորագույնը Արցախի անվտանգության խնդիրն է։ Մենք առաջարկում ենք անցում կատարել  վարձատրվող պրոֆեսիոնալ բանակի, քանի որ պրոֆեսիոնալներն ավելի լավ կարող են պահել հայրենիքի սահմանները, քան 18 տարեկան անփորձ երիտասարդները։ Մենք առաջարկում ենք երկու տարվա փոխարեն մեկ տարվա ծառայություն։ 

Բաղդասարյանը նշեց նաև, որ Հայաստանում, ցավոք, խելացի մարդիկ միշտ չէ, որ պահանջված են, չնայած որ շատ ծնողներ իրենց բերանից հաց են կտրում, որ երեխաներին կրթության տան։ 

Նա բոլորին կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին։ 

Իր խոսքը Արթուր Բաղդասարյանը եզրափակեց բոլոր քաղաքական ուժերին հաջողություն մաղթելով։ 

Իսկ վերջում մեկ րոպե լռությամբ նա հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։