«Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում՝ Քոչարյանի դատավարության գործով։ Հեռախոսազրույցների այն մասերը, որոնք ապացուցում են դա, մոնտաժված են: Քննչական մարմինները ոչ թե ըստ իմ հայտարարությունների, այլ ըստ իրենց ձեռքի տակ եղած փաստական տվյալների են գործում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառալով դիտարկմանը, թե իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը ցույց է տալիս, որ ինքը ցուցումներ է տալիս և միջամտում է դատական համակարգին:
Նա ընդգծեց՝ կարող է պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանի դատական համակարգը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր է:
Փաշինյանը, սակայն, չմեկնաբանեց Քոչարյանի կալանավորումը, միայն նշեց՝ այդ քրգործը սկսել են վաղուց և դա ոչ մի կապ չունի ընտրությունների հետ․ «Այդ գործընթացը, եթե չեմ սխալվում, սկսվել է 5 ամիս առաջ ու պարզապես շարունակվում է»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի մասին, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բացի այդ նշանակումը, ավելի լուրջ պրոբլեմներ կան․ «Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է: Ասել եմ՝ գլխավոր քարտուղարի պաշտոնն ամենակարևոր հարցը չէ, որովհետև Հայաստանի պաշտոնավարման ժամկետը, այսպես թե այնպես, պետք է սպառվի: Ենթադրենք՝ հիմա Խաչատուրովն է, 2020 թ.-ին էլ նա չի, դա՞ է պորբլեմը, իհարկե ոչ, շատ ավելի լուրջ պրոբլեմներ կան ու դրանք քննարկվում են և ԵԱՏՄ տնտեսական խորհրդի վերջին նիստում էլ լուրջ ձևով քննարկվել են», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով դեռևս որոշում չի կայացվել:
«Որևէ որոշման չենք հանգել: ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, իսկ ՀԱՊԿ նիստ դեռ չի եղել», - ասաց նա: