««Իմ քայլը» դաշինքը արդյունքներ գրանցեց տոտալ ճնշումների, վարչական ռեսուրսի, ատելության, սպառնալիքի, համայնքապետերին վզից բռնելու, ասֆալտին փռելու, վախի մթնոլորտի, հակաքարոզչության և ուժայինների միջամտության պայմաններում»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
Այս ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ տարավ, իսկ ՀՀԿ-ն առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը։ Անդրադառնալով Հանրապետական կուսակցության պարտությանն ու հետագա գործունեությանը, Շարմազանովը նշեց՝ ՀՀԿ-ն ապացուցեց, որ ինքը կայացած քաղաքական կուսակցություն ու գաղափարական թիմ է։
«Այն, որ Փաշինյանը ասում էր՝ գուժում է ՀՀԿ-ի քաղաքական մահը, Փաշինյանը սխալվեց, Շարմազանովը ճիշտ դուրս եկավ։ Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը, որովհետև 7 ամսա ընթացքում Փաշինյանը ամեն ինչ ձախողել է։ Ես դեկտեմբերի 9-ը համարում եմ Հանարապետական կուսակցության վերածննդի սկիզբ։ Պայքարելու ենք հանուն Հայաստանի, որտեղ չի լինի սեռական փոքրամասնությունների քարոզ, ատելություն, թշնամություն, հասարկությանը սև ու սպիտակների բաժանել։ Նիկո՛լ Փաշինյան, Հայկը հաղթելու է Բելին և դու դրա ականատեսը կլինես։ Մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն։ Թեև Փաշինյանն ամեն ինչ արեց, որ 0․2, 0․3 %-ը մեզ չհերիքի, բայց ոչինչ, կհանդիպենք քաղաքական խաչմերուկներում»,- ասաց Շարմազանովը։
«Իմ քայլը» դաշինքի որոշ անդամներ ասում են, թե ընտրություններում գրանցած արդյուքները ՀՀԿ-ի իրական պատկերն է դիտարկմանն ի պատասխան` Շարմազանովն ասաց․ «Ես կհակադարձեմ «Իմ քայլին»՝ ա՛յ տղերք ջան, մեկ տարի առաջ ընտրություններին 30 000 ստացողներդ 500 ձայն էլ չեք ստացել։ Իսկ ձեր իրական պատկերը ո՞րն է, ֆաշիստական քաղաքականություն իրականացնե՞լը»։
Նրա խոսքով՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը կլինի առանց ընդդիմության, անատամ, անդեմ, որտեղ Փաշինյանը չի ունենա հակակշիռ։ Ըստ նրա՝ կունենանք բրեժնևյան խորհրդարան․ «Վերևում կլինի Բրեժնևը, աջ ու ձախ՝ կլինեն մյուս ուժերը, որոնք կամ կծափահարեն, կամ կասեն՝ «շեֆ ջան, դուրդ եկա՞վ, թե՞ չէ»։ Ցավը նա է, որ Հայաստանի խորհրդարանը պատմության մեջ այսքան ողբալի վիճակում չի եղել, ոչ թե նրա համար, որ ՀՀԿ-ն չկա»,- նշեց նա։
Շարմազանովը քաղաքացիներին հորդորեց սպասել Փաշինյանի կողմից թոշակների բարձրացմանը, ներդրումներ բերելուն, տնտեսական աճի, հայ-ռուսական հարաբերությունների նոր զարգացումների, Ղարաբաղյան հարցում հայանպաստ լուծումների․ «Կսպասենք, որ քաղաքացիները չաղ, բախտավոր, երջանիկ լինեն, ժպտան բոլորը և սառնարանը բացեն՝ ոչ թե դուխով գլխարկ լինի, այլ լիքը ուտելիք, այդ ժամանակ կշնորհավորենք։ Եթե չանի Փաշինյանը՝ երանի կտա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և կտեսնեք Շարմազանովն ու իր ընկերներն են սկզբունքային ու ընդդիմադի՞ր, թե՞ Փաշինյանը։ Հիմա Հանրապետականը չկա խորհրդարանում, որ խանգարի։ Դե, Նիկո՛լ, քեզ տեսնեմ, տեսնենք՝ ինչ ես անելու»,- եզրափակեց Շարմազանովը։
Սոնա Հարությունյան