Այո՛, մենք լինելու ենք ընդդիմություն և արդեն հայտարարել ենք այդ մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը։ Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Սամսոնյանը նշեց․
«Շատ գովելի է, որ մենք վերջապես ունեցանք ընտրություններ, որտեղ մեր քաղաքացիները կարողացան ազատ կամարտահայտմամբ ընտրել նոր խորհրդարան։ Իհարկե, եղել են խախտումներ, բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ քսան տարիների ընթացքում մենք չենք ունեցե նորմալ, արդար ընտրություններ և այն խախտումները, որ գուցե պայմանավորված են մարդկանց չիրազեկվածությամբ։ Ինչևէ, այս ընտրությունները մեր երազած ընտրություններն են»։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» ընդդիմություն լինելու հարցին՝ Սամսոնյանը նշեց, որ շատերը կարծում են, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն և չեն կարող պաշտպանել ժողովրդի շահերը։
«Մարդիկ բերում են հետևյալ պատճառները, թե ինչու չենք կարող լինել ընդդիմություն։ Առաջին պատճառն այն է, որ մենք եղել ենք «Իմ Քայլը» դաշինքի գործընկերը և կունենանք կաշկանդվածություններ՝ նրանց քննադատելու համար։ Բայց մենք բազմիցս ասել ենք, որ որևէ կաշկանդվածություն չկա, ճիշտ է՝ մենք եղել ենք նրանց գործընկերը, բայց ինչպես քննադատել ենք նրանց այն ժամանակ, երբ եղել են ԵԼՔ դաշինքում, այնպես էլ քննադատելու ենք հրապարակավ, և այս առումով որևէ կաշկանդվածություն չկա»,-ասաց Սամսոնյանը։
Սամսոնյանն օրինակ բերեց Երևանի ավագանու աշխատանքներից։ Նա ասաց, որ երբ սկսվեցին ավագանու աշխատանքները, որտեղ որ պետք է քննադատություն լիներ, իրենք քննադատել են և աշխատել են առանց որևէ կաշկանդվածության։
Սամսոնյանի խոսքով՝ իրենք որպես ընդդիմություն չեն ունենալու այն հռետորաբանությունը, որը ունեցել են նախկինում, որովհետև իշխանությունը կոռումպացված չէ, գող չէ, թալանչի չէ, իշխանությունը ընտրված է արդար ընտրություններով և նա իրականացնելու է իր առաքելությունը, բայց մյուս կողմից էլ՝ ցանկացած ժողովրդավարական երկրում անհրաժեշտ է ընդդիմություն, որովհետև որևէ իշխանություն զերծ չի կարող մնալ սխալներից և բացթողումներից, և այդ սխալները մատնանշողը լինելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։