ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ Արարատի մարզպետարանի «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:
Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:
Այցի արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝
· գերբնակեցվածություն,
· կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
· ջեռուցման ապահովման հետ կապված խնդիրներ,
· հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ,
· հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ և այլն:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմնին:
Պետք է նշել, որ այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
Հարկ է նաև ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ բարեկարգվել են լոգարանները և ճաշարանը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել որոշ սանհանգույցներում, ձեռք են բերվել նոր մահճակալներ ու անկողնային պարագաներ:
Այս կապակցությամբ հաստատության տնօրինությունը երախտագիտություն է հայտնել Պաշտպանի աշխատակազմին՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար հաստատությանը միջոցներ են տրամադրվել Պաշտպանի ներկայացուցիչների նախորդ այցի հիման վրա ներկայացված առաջարկությունների և «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի 2018 թվականի արտահերթ հրապարակային զեկույցի արդյունքում