«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստից։
«Սիրելի հայրենակիցներ, Փարիզում ավարտվեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը։ Նիստին մասնակցում էին Հայաստանի հարցով համազեկուցողները և ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն ու այլ անդամներ։ Ահա իմ ելույթը հայերեն թարգմանված։ Մնացած մանրամասները կներկայացնեմ Հայաստան վերադառնալուց հետո։
Հարգելի գործընկերներ,
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման ամփոփման համար: Շատ ուրախ եմ տեսնել Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության դրական հայտարարությունը, որը բավականին աներկբա է:
Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Խորհրդարանական վեհաժողովին, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ և փորձառու դիտորդական թիմ գործուղելու համար՝ դիտարկելու Հայաստանի թերևս ամենակարևոր ընտրությունները վերջին ժամանակահատվածում: Հատկապես մեծ շնորհակալություն եմ հայտնում պարոն Պոսիեժին` առաքելությունը ղեկավարելու և «Թավշյա հեղափոխության» մասին իր արտահայտությունների` իշխանությունների քաղաքական կամքը գովաբանելու համար, ինչը թույլ տվեց անցկացնել ժողովրդավարական ընտրություններ:
Մենք նաև գնահատում ենք, որ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի համազեկուցողները նույնպես մասնակցեցին այս դիտորդական առաքելությանը, որպես ԵԽԽՎ հայաստանյան փորձագետներ: Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը միջազգային դիտորդների կողմից արված դրական արձագանքների մեջ: Մենք ակնկալում ենք, տեսնել ձեզ Երևանում հաջորդ տարի, որտեղ կկարողանանք նախանշել մեր ապագա համագործակցության ոլորտները:
Այս առումով, գուցե, ես մի քիչ առաջ եմ անցնում, բայց կարծում եմ, որ տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունները, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների մեկնարկը ցույց են տալիս, որ ժամանակը հասունացել է, մեր անդամակցությունից հետո գործող մոնիթորինգը, փոխարինելու հետմոնիթորինգային երկխոսության հետ: Մենք հավատում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները իրավունք են վերապահում նման փոփոխություն ակնկալելու համար:
Իհարկե, որոշ թերություններ կան, որոնց պետք է անդրադառնալ հաջորդ ընտրական շրջանի համար: Կանանց մեծ մասնակցությունը կոնկրետ օրինակ է, և մեր կուսակցությունը պատրաստվում է լրջորեն զբաղվել այս հարցով նոր խորհրդարանում: Վստահ եղեք, որ մեր բոլոր ապագա բարեփոխումների արդյունքում մենք ձգտում ենք համագործակցել Խորհրդարանական վեհաժողովի և Վենետիկի հանձնաժողովի հետ»: