Արդեն մի քանի օր է, մամուլի տարբեր հրապարակումների կիզակետում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից գյումրեցի 57-ամյա կնոջ սպանությունն է: Լուրը զանգվածային լրատվամիջոցներին շտապել էր հայտնել ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը, իսկ նախաքննական մարմինը, որը տվյալ գործով պատշաճ նախաքննություն իրականացնելու ամենաշահագրգիռ կողմն է, պահպանել է լռություն:

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե դատախազությունը որդեգրել է թափանցիկ աշխատելաոճը, սակայն հետագա ընթացքը խոսում է լրիվ այլ իրողության մասին: Դատախազությունը, բացի այն, որ գյումրեցի կնոջ մահվան մեջ կասկածվում է ռուս զինծառայող, որևէ այլ տեղեկատվություն հրաժարվում է հայտնել: Ավելին՝ գործով այլ մանրամասներ իմանալ ցանկացող լրատվամիջոցներին ուղղորդում է նախաքննական մարմին: Սա, իհարկե, մտածելու առիթ է տալիս, հատկապես, որ գործով շահագրգիռ կառույց Քննչական կոմիտեն շարունակում է լռություն պահպանել: 

Ներկա դրությամբ, ՀՀ Գլխավոր դատախազության պահվածքը ոչ այլ ինչ է, քան փորձ՝ խոչընդոտել լիարժեք նախաքննություն իրականացնելուն, կամ փորձ ցույց տալու, թե իրենք ևս գործ են անում և պարապ չեն: Սրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ Դատախազությունը երբեմն շտապում է նախաքննական մարմնի արած գործն իրեն վերագրելով հաղորդագրություններ տարածել, տարբեր քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգման վերաբերյալ: Իհարկե, սա էլ իր նպատակն ունի: Հայտնի է, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից նոր իշխանությունները լուրջ դժգոհություն ունեն և չի բացառվում, որ նոր խորհրդարանի ձևավորումից հետո ազատվեն նրանից:

Սակայն Դավթյանը, որը ցանկանում է պաշտոնավարել, փորձում է ուրիշների աշխատանքը ներկայացնելով իշխանությունների մոտ պիտանի լինելու տպավորություն թողնել: Այստեղ մեկ բան ևս պետք չէ աչքաթող անել: Չի բացառվում, որ Դավթյանը շատ լավ հասկանալով, որ մոտալուտ է Դատախազությունից իր հեռանալու օրերը, որոշել է ռազմաբազայի զինծառայողի կողմից գյումրեցի կնոջը սպանելու լուրը հայտնելով կամ լավամարդ դառնալ լրատվամիջոցներին, կամ վերջին վատությունն անել գործընկերներին:

Աղասի Առաքելյան