Սպիտակցի Հայկոն որպես վկա հարցաքննվել է. Քննչական կոմիտե
Հետիոտնին մահվան ելքով կրկնակի վրաերթի ենթարկելու գործով Հայկարամ Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկո) հարցաքննվել է որպես վկա: Այս մասին
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց
Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ, դատահետքաբանական, դատաքիմիական և մանրաթելային համալիր փորձաքննություն, դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Ա. Չիբուխչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Հայկարամ Ղևոնդյանը քրեական գործով հարցաքննվել է որպես վկա»,- ասաց Հարությունյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 07։40-ի սահմաններում, Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արայիկ Չիբուխչյանը, Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 68-ամյա Քնարիկ Պետիկյանին։
Այնուհետև տուժածին կրկնակի վրաերթի էր ենթարկել մեկ այլ՝ Rang Rover մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն:
Համացանցում մեծ աղմուկ բարձրանալուց հետո, Սպիտակցի Հայկոն հանդես եկավ տեսաուղերձով, որտեղ անդրադարձավ մահվան ելքով վրաերթին:
Նա, մասնավորապես, նշել էր. «Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց: Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ: Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա»,- նշել էր նա:
Սոնա Հարությունյան