Այսօր՝ հունվարի 15-ին, հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը ներկայացրեց 2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին նախագիծը: Երևանի ավագանու որոշման նախագծով առաջարկվում է Երևան վարչական տարածքում տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառել դրույքաչափերի նվազեցման արտոնություններ։
Նախագծով սահմանվում է Երևան վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազային վաճառքի թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափերը նվազեցնել 58.34 տոկոսի չափով։ Առևտրի օբյեկտների ժամը 24.00–ից հետո աշխատելու թույլտվության համար դրույքաչափը նվազեցնել 72.92 տոկոսի չափով, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների աշխատանքի համար ժամը 24.00–ից հետո թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափը՝ 70 տոկոսի չափով։
Նախագծով սահմանվել է նաև արտոնություններ այն տնտեսվարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել են 2019 թվականի հունվարի 1-ից։