ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հրաժարվում է հարցազրույց տալ այն լրագրողներին, ովքեր հեռախոսով են նկարում: Հեղափոխական տիկնոջ քմահաճույքները գնալով էլ ավելի զարմանալի են դառնում: Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ Նազարյանը հրահանգել էր իր աշխատասենյակից հեռացնել Արփինե Հովհաննիսյանի կահույքը. ըստ երևույթին՝ ճաշակները չեն համընկել:

Ավելորդ չի լինի Լենա Նազարյանին հիշեցնել, որ իր անմիջական ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խորշում հայ ազգի դարդ ու ցավին ծանոթանալու համար ուղիղ եթեր մտնել հենց սովորական հեռախոսի միջոցով: Իսկ գուցե Լենա Նազարյանը իրեն Նիկոլ Փաշինյանից ավելի բա՞րձր է դասում: Մի նկատառում ևս՝ Նազարյանը և իր թիմն իշխանության եկան լրագրողների լուսաբանման, այդ թվում՝ սովորական հեռախոսներով արված ռեպորտաժների շնորհիվ և գալով իշխանության, զգալով իշխանության քաղցր համը՝ նման կերպ են հայտնում իրենց սիմվոլիկ շնորհակալությունը:

Իրականում, Նիկոլ Փաշինյանի համար «Իմ Քայլը» խմբակցությունը դառնում է լրջագույն բեռ, եթե չասենք՝ պատուհաս: Պատճառն էլ պարզ է՝ օրեցօր նախկին իշխանությունների հետ նորերի համեմատության եզրերը և առիթներն ավելանում են: Նախկին հոռի բարքերը քննադատողներն այսօր էլ ավելի հոռի բարքեր են  ցանկանում հաստատել: Լրագրողների հետ աշխատելաոճը կրկին նույնն է մնացել, բայց եթե նախկինում ԱԺ նախագահները հազարից մեկ էին շփվում լրագրողների հետ, ու նրանց թիկնապահները չէին խոչընդոտում այդ շփմանը, ապա այժմ ժողովրդի սերն ու հավատարմությունը վայելող իշխանության ներկայացուցիչների անվտանգությունն ապահովողները ոտնատակ են տալիս ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ հանուն իրենց պաշտպանյալների, իսկ պաշտպանյալներն իրենց հերթին նազ ու տուզի ռեկորդներ են խփում…