ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ որոշում կայացրեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի վերաբերյալ. Գրիգորյանը կրկին կկալանավորվի, իսկ կալանավորման հիմքերը նույնն են մնացել:  Այսպիսով՝ դատարանը մերժեց նաև պաշտպանական կողմի ներկայացրած 25 միլիոն դրամ գրավի միջնորդությունը, որը 2018թ. դեկտեմբերի 21–ին ընդունվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Գրիգորյանի կալանավորման որոշման վերաբերյալ՝ վերջինիս իրավապաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը իրավաբանության և տրամաբանության հետ կապ չունեցող, ինչպես նաև ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտ է:

Քիչ առաջ այս մասին խոսեց նաև Մանվել Գրիգորյանի տիկինը՝ Նազիկ Ամիրյանը և շեշտեց, որ երկրում չկա արդարադատություն և արդար դատավոր. «Բոլորը ենթարկվում են փողոցին»:

Հատկանշական է այն, որ 2018թ դեկտեմբերի 21-ին դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև նրա պաշտպանները պնդում էին, որ Գրիգորյանն ունի առողջական լուրջ խնդիրներ:

Ակնհայտ է նաև այն, որ այս մեկ ամսվա ընթացքում Մանվել Գրիգորյանը չէր կարող անցնել բուժման կարևոր կուրսերը, ինչի մասին 7 ամիս շարունակ բարձրաձայնում էին պաշտպաններ Արսեն Մկրտչյանն ու Լևոն Բաղդասարյանը: Հիվանդությունները, որոնք օրենքով անհամատեղելի են կալանավորման հետ, չէին կարող բուժվել այսքան կարճ ժամանակահատվածում: 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել անօրինական զենք պահելու և խոշոր չափերի յուրացման համար: Նկատենք, որ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը: Փաստաբանը, սակայն, հայտարարել էր, որ Գրիգորյանի կողմից դա աջակցություն է պետությանը և ոչ թե մեղքերի թողություն: