Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Հունվարի 22-ի դրությամբ նվազել են հոսպիտալացման դեպքերը` 700 հիվանդ, որից 92,0%-ը 0-14 տարեկան երեխաներ են:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ  շտապօգնության կանչերը նվազել են․ եղել է 84 կանչ։

Չնայած նվազման միտմանը՝ աշխուժացել է դիմելիությունը պոլիկլինիկական կազմակերպություններ՝ 2028, հիմնականում քաղաքացիները սկսել են դիմել վաղ շրջանում:

Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Իրականացված լաբորատոր հետազոտություններում նկատելիորեն նվազել են գրիպի Ա տեսակի՝ H1N1-ով պայմանավորված արդյունքները:

Հանրապետությունում շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 514 երեխա (Երևան՝ 307, մարզեր՝ 207): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:

Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝ «եթե Ձեր կամ Ձեր երեխայի մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա մի՛ հաճախեք աշխատանքի, մի՛ ուղարկեք Ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ»։