Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ: Հանդիպման մասին վարչապետը շատ քիչ տեղեկություն է տրամադրում՝ ի՞նչ են քննարկել կուլիսների հետևում, կամ ո՞րն է եղել ոչ ֆորմալ հանդիպման նպատակը՝ ոչինչ չի նշվում, և ի սկզբանե՝ հանդիպման մասին հասարակությունն անտեղյակ էր: Սա դարձավ քննարկումների և որոշների կողմից կանխագուշակումների առիթ՝ քննարկվող թեմաների վերաբերյալ:
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով հանդիպմանը՝ գրել է. «Կամաց-կամաց ընկերանում են։ Եթե ընկերականով Արցախի անկախությունը ճանաչելու է պարոն Իլհամը, ուրեմն մեր այս նոր ռազմավարությունը շատ լավն էր»:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Մելիքյանը նշեց, որ իր գրառման ենթատեքստը հանդիպման տևողությանն է վերաբերվել, և դա միակ տեղեկությունն է, որը տրամադրում է Փաշինյանը. «Սա շատ ուշագրավ է: Մենք չենք կարող վստահ լինել, որ հանդիպման մեծ մասը Ղարաբաղյան հակամարտությանն է վերաբերվել: Կարևոր է արձանագրել այն, որ նման տևողության հանդիպման ժամանակ՝ կա՛մ մեծ մասամբ զուտ անձնական շփում է եղել՝ գուցե փորձում են երկու երկրների ղեկավարները միմյանց «զգալ», միմյանց ավելի լավ ճանաչել, կա՛մ ծավալուն քննարկում է եղել Արցախյան հակամարտության վերաբերյալ»,- ասաց Մելիքյանը և հավելեց, որ խիստ ցանկալի կլինի հանրությունը տեղյակ լինի հանդիպման բովանդակության մասին, հակառակ դեպքում՝ կարձանագրվի որոշակի հակասություն նախկինում Փաշինյանի հայտարարությունների թափանցիկության և բանակցային գործընթացում Արցախի ներգրավման վերաբերյալ:
Մելիքյանի կարծիքով՝ պետք է համաձայնել Փաշինյանի հայտարարության հետ՝ 2018 թվականի մայիսի 9-ի դրությամբ, որ ոչ մի բան առանց Արցախի չպետք է արվի. «Եվ բանակցելու մանդատի մասին էր խոսքը գնում: Ես կարծում եմ՝ սա ամենակարևոր ուղղությունն է և պետք է հետևենք զարգացումներին և տեսնենք, թե ինչպիսի հաղորդակցություն է լինում Փաշինյանի և Արցախի իշխանությունների միջև, և ինչպիսի հայտարարություններ են լինելու Ստեփանակերտից: Ամեն դեպքում՝ ցանկալի է, որ Փաշինյանը հետևողական լինի խոստումների մասով, քանի որ դա սկզբունքային հարց է Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի համար»:
Համեմատելով Հայաստանի նախկին ղեկավարների և Ալիևի հետ ոչ ֆորմալ հանդիպումները երեկվա հանդիպման հետ, նախկին ՄԻՊ-ը նշեց. «Վերջին 5 տարին չեմ հիշում, որ նման ծավալով, տևողությամբ ոչ ֆորմալ հանդիպում եղած լինի: Շատ ավելի երկար պաշտոնական բանակցություններ եղել են, դա այլ է՝ միջնորդ երկրների ներկայությամբ, նախապես որոշված օրակարգով է դա լինում: Այս պարագայում ոչ ֆորմալ լինելը և այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանը շեշտադրեց՝ շատ ուշագրավ է»:
Արմինե Արմենակյան