ԼՈւՐԵՐ․com-ի՝ օրեր առաջ ուղարկած հարցմանն ի պատասխան կառավարությունից տեղեկացրել էին, թե ինչ ծառայողական մեքենաներ են տրամադրվել նոր ձևավորված կառավարության փոխվարչապետներին, վարչապետի խորհրդականներին։ Թե հեղափոխությունից հետո քանի՞ ծառայողական մեքենա է կրճատվել, հարցը մնացել էր անպատասխան, քանի որ գործընթացը դեռևս քննարկման փուլում էր։
Այսօր արդեն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի․ ներկայիս 50-ի փոխարեն կմնա 7-ը։
«Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից օգտվում են հետևյալ պաշտոնյաները.
- ՀՀ փոխվարչապետներ
- Վարչապետի աշխատակազմի ղեկավար
- ԱԱԽ քարտուղար
- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
- Աշխատակազմի վարչության պետեր
- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
- Վարչապետի խորհրդականներ
- Վարչապետի որոշ օգնականներ
Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն՝
- Երկու փոխվարչապետները
- ԱԱԽ քարտուղարը»,- գրել է Աղաջանյանը՝ ընդգծելով, որ ինքը ևս կհրաժարվի ծառայողական ավտոմեքենայից։
Նրա խոսքով՝ վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի։
Նշենք, որ փոխվարչապետներից՝ Տիգրան Ավինյանին տրամադրվել է Mercedes-Benz S 350 մակնիշի ծառայողական մեքենա (2009թ․), իսկ Մհեր Գրիգորյանին՝ BMW 750 Li.xDrive մակնիշի ծառայողական մեքենա (2010թ․)։
Կառավարությունից հերքեցին տեղեկությունները, թե Տիգրան Ավինյանը ցանկություն է հայտնել, որ իրեն տրամադրվի BMW 731 մակնիշի մեքենա։
DJ—ից վարչապետի աշխատակազմի ղեկավար դարձած Էդուարդ Աղաջանյանին ևս տրամադրվել է Mercedes-Benz S 350 մակնիշի ծառայողական մեքենա։ Վարչապետի գլխավոր խորհրդականներ Արամ Ղարիբյանին տրամադրվել է TOYOTA COROLLA, իսկ Արսեն Գասպարյանին՝ KIA CERATO մակնիշի տրանսպորտային միջոցը։ Վարչապետի խորհրդականներ Ջեմմա Հակոբյանին տրամադրվել է TOYOTA COROLLA, Եղիշե Կիրակոսյանին՝ TOYOTA CAMRY, իսկ Արշակ Կարապետյանին՝ BMW 523 I մակնիշի տրանսպորտային միջոցը։
Սոնա Հարությունյան