Պետական պաշտոնյաների պարգևատրման ոդիսականը շարունակվում է: Մարզպետների թեման դեռ չփակված, հիմա էլ մամուլում հայտնվել են ՊԵԿ ղեկավարության՝ դեկտեմբերին ստացած պարգևատրումները: Ժամանակին, երբ վարչապետ Փաշինյանին հարցրել էին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք քայլեր ձեռնարկել նախկին կոռուպցիոն կադրերի մուտքը Նոր Հայաստանի ՊԵԿ կանխելու համար, վերջինս պնդեց, որ ՊԵԿ նախագահի հետ մի քանի անգամ քննարկել է այդ թեման և եթե լինի անհրաժեշտությունը՝ ինքը կարձագանքի: Ինչպես երևում է՝ ժամանակը դեռ չի եկել:
Ընդհանրապես, հանրությանը հետաքրքրում է ՝ պարգևատրումների այս ոդիսականի մեջ ներքաշված պաշտոնյաները բացի հանրային պարսավանքից, որևէ իրավական և ինչն էլ ավելի կարևոր է՝ քաղաքական գնահատականի արժանանալո՞ւ են, նրանց դեղին քարտ ցույց տրվելո՞ւ է, թե՝ ոչ: Երեկվա իր ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանը փաստացի պաշտպանեց պարգևատրվածներին՝ համարելով նման քայլը օրինաչափ և նույնիսկ անհրաժեշտ: Եվ վարչապետի նման արձագանքն էլ ավելի բորբոքեց հանրային տրամադրությունները:
Առաջին հայացքից՝ քաղաքական թիմի նման գործելաոճը անտրամաբանական է, եթե, իհարկե, ՔՊ վարկանիշի նվազումը այս կամ այն պատճառներով չի բխում հենց Նիկոլ Փաշինյանի շահերից: Գուցե Փաշինյանը և իր թիմը հույս ունեն այսպես խուսափել որոշակի պատասխանատվությունից, սակայն տեղին է հիշեցնել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքացիների մեծամասնությունը իր քվեն տվել է հենց Փաշինյանին՝ նրան իր քաղաքական թիմի հետ մեկտեղ դարձնելով իրավիճակի միակ և գլխավոր պատասխանատուն…