Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի  Զարյան փողոցի խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ կալանավորվել է:

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Քննիչի միջնորդությունը բավարարվել է, և միջադեպի մասնակից հինգ քաղաքացիները կալանավորվել են»,-ասաց նա:

Հունվարի 17-ին մի խումբ երիտասարդներ, կոպտորեն  խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փայտյա և երկաթյա  մահակներով հարվածներ էին հասցրել Դ.Ա.-ին պատկանող  Mercedes մակնիշի ավտոմեքենային և վնասել այն: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման էին  ենթարկել վիճաբանության մասնակիցներին: