Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման տարեդարձն է:
Ինչպես 27 տարի առաջ, այնպես էլ այսօր Հայկական բանակն է հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորը: Հայոց բանակի կազմավորման բեկումնային տարիները 1992-1994 թվականներն էին, երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղան նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացվեցին ազգային բանակի ստեղծման հարցում:
Բանակի կազմավորման առաջին փուլը տևել է 1988թ. փետրվարից մինչև 1992թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։
Երկրորդ փուլը տևել է 1992թ․ հունիսից 1994թ․ մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները գտնվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։ Երրորդ փուլը սկսվել է 1994թ․ հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։
1990թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-ից 27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։
Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր. դու սահման ես պահում, նույնն է թե՝ Հայրենիք կամ սեփական օջախ։ Քո նվիրումով, արիությամբ ու անձնազոհությամբ է նվաճվում խաղաղության մեր յուրաքանչյուր օրը, քո կամքով են կոփվում մեր երկրի հաղթանակները։