Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, չունենք այն փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը, ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում են՝ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոչին, ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Հիմա ես հարց եմ տալիս՝ ժողովուրդ, դուք պատրաստվո՞ւմ եք խաղաղության: Մենք հո կռվարար ժողովուրդ չենք, մենք միշտ էլ խաղաղության պատրաստ ենք եղել: Հայաստանը, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը պարտադրված են մտել: Մենք ընդունել ենք մեզ պարտադրված պատերազմը»,-ասաց Բալասանյանը:
Ըստ Բալասանյանի՝ անհարժեշտ է գրավոր փաստաթուղթ, որպեսզի և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում ապրող ժողովուրդն իմանան, թե ինչի մասին է խոսքը: Նա նշեց, որ բանավոր խոսակցություններով չեն լուծվում այդպիսի հարցերը. «Որևէ մեկը չի ուզում, որ պատերազմ լինի, բայց պատրաստվելու համար մեզ փաստաթուղթ է պետք: Պետք է Մինսկի խմբի հովանու ներքո կնքվի խաղաղության այդ պայմանագիրը»: